24.04.2024
Սիրիայի ժողովրդական ժողովի փոխնախագահ Ակրամ ալ-Աջլանիի գլխավորած պատվիրակությունն ապրիլի 24-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Սիրիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Գևորգյանի և ՀՀ-ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանի ուղեկցությամբ: Պատվիրակության կազմում էր նաև Սիրիայի Ժողովրդական ժողովի Սիրիա-Հայաստան բարեկամական խմբի ղեկավար Լյուսի Էսգենյանը:
Հյուրերին դիմավորեց և դեպի հուշահամալիր ուղեկցեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը:
Պարոն Ակրամ ալ-Աջլանին ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև Սիրիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո պատվիրակության անդամները գրառումներ կատարեցին Պատվավոր հյուրերի հուշամատյանում: