24.05.2024
Մայիսի 23-ին և 24-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի և Մաքս Վեբեր հիմնադրամի Վրաստանի մասնաճյուղի հետ համատեղ տեղի ունեցավ «Համընդհանուր պատմություն» [Global History] խորագրով միջոցառումների շարք, որին մասնակցեցին հատուկ այս ծրագրի համար ընտրված հայ և վրացի ուսանողներ և երիտասարդ գիտաշխատողներ: Մինչ միջոցառումների մեկնարկը տեղացի և Վրաստանից ժամանած ուսանողներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան, որտեղ ՀՑԹԻ գիտաշխատող Ռեգինա Գալուստյանը ներկայացրեց թանգարանի ցուցադրությունը:
Այնուհետև տեղի ունեցավ «Ցեղասպանությունների համեմատական պատմությունները և միջազգային իրավունքի զարգացումը» [Comparative Histories of Genocides and the Development of international Law] խորագրով պանելային քննարկում, որը վարում էր ՀՑԹԻ տնօրեն պ.գ.թ. Էդիտա Գզոյանը: Ելույթներ ունեցան դոկտոր պրոֆ. Անետ Վայնկեն (Յենայի Ֆրիդրիխ-Շիլլեր համալսարան, Գերմանիա), դոկտոր պրոֆ. Հիլլի Մուդրիկ-Իվեն Քենը (Արիելի համալսարան, Իսրայել) և պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը (Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, Հայաստան):
Մայիսի 24-ին տեղի ունեցավ «Համընդհանուր պատմություն, համեմատական պատմություն, անդրազգային պատմություն» [Global History, Comparative History, Transnational History] խորագրով աշխատաժողովը, որի ընթացքում հայ և վրացի ուսանողներն ու երիտասարդ գիտաշխատողները ներկայացրեցին իրենց թեմաները հետևյալ խորագրերով`
1. Գլոբալիզացիայի ենթակառուցվածքներ [Infrastructures of Globalization]
2. Կայսրություններ, ազգեր և գաղափարների գլոբալիզացիա [Empires, Nations, and Globalization of Ideas]
3. Ցեղասպանության պատմություններ [Histories of Genocide]
4. Միջազգային հարաբերություններ [International Affairs]
Աշխատաժողովում հնչած ելույթներից հետո մասնակիցները մտքեր փոխանակեցին և ամփոփեցին հայաստանյան հանդիպումները: Միջոցառումների շարքը կշարունակվի Թբիլիսիում հուլիս և սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին: