24.10.2008
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի կողմից տարվող հետազոտական և հավաքչական աշխատանքների արդյունքում արձանագրվեց ուշագրավ նոր բացահայտում: Վերջին ձեռքբերումը Հայոց ցեղասպանությանն առնչվող խիստ կարևոր մի լուսանկարի բնագրի հայտնաբերումն է:
Լուսանկարն արվել է 1915թ. Կովկասյան ճակատում, ռուս զինվորականի կողմից: Այն պատկերում է Մուշի շրջանում տեղի ունեցած կոտորածների ընթացքում հրկիզված հայկական գյուղերի բնակիչների մասունքները:
Լուսանկարը եզակի է: Այն 1917թ. Թիֆլիսում հրատարակված «Գաղթականական ալբոմի» լավ պահպանված լուսանկարներից մեկն է: Ալբոմը բաղկացած է 62 բացառիկ լուսանկարներից, որոնք ներկայացնում են հայերի դեմ իրագործված մասսայական սպանությունը: Սակայն 62 վերոհիշյալ լուսանկարների բնօրինակներից պահպանվել են միայն մի քանիսը, ընդ որում` հիմնականում վատ վիճակում:
Այսպիսով, «Գաղթականական ալբոմում» զետեղված լուսանկարների վավերականությունը փաստվում է այս եզակի և լավ պահպանված լուսանկարի միջոցով: Լուսանկարի հակառակ կողմում ռուսերեն լեզվով մակագրված է «Թուրքական զորքերի կողմից կենդանի այրված հայերը Շեյխալան գյուղում»: Ավելին, լուսանկարը թվագրված է 74 թվանիշով, ինչը վկայում է ռուս զինվորների կողմից Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին արված լուսանկարների ավելի մեծ հավաքածուի գոյության մասին:
ՀՑԹԻ-ն հետամուտ է հայտնաբերելու և համալրելու հավաքածուի մյուս լուսանկարները, ինչը կնպաստի Ինստիտուտի նախաձեռնած աշխատանքների հաջողությանը` 20-րդ դարի առաջին ցեղասպանությանն առնչվող լուսանկարների և այլ փաստաթղթերի ու վավերագրերի հավաքագրմանը: