24.10.2015
Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջազգային գիտաժողովի շրջանկաներում Մոսկվայի հայկական վանական համալիրի թանգարանում բացվեց «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» խորագրով ժամանակավոր ցուցադրությունը:
Ցուցադրությունը ներկայացնում է հարյուրավոր նորահայտ նյութեր և հազվագյուտ լուսանկարներ, որոնք անդրադառնում են Արևմտյան Հայաստանում և Օսմանյան կայսրության հայաշատ քաղաքներում սկիզբ առած մարմնակրթական շարժման պատմությանը:
Համալիրում կայացավ ՀՑԹԻ տնօրեն, պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի «Հայկական սպորտը և մարմնակրթությունը Օսմանյան կայսրությունում» մենագրության մոսկովյան շնորհանդեսը:
Գրքում առաջին անգամ համադրվում և ներկայացվում են Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի և մարմնակրթության ձևավորման նախապատմությունը, արևմտահայության շրջանում մարմնամարզության ու սպորտի զարգացման ընթացքն ու առաջին հայ մարմնամարզական ակումբների գործունեությունը: Լուսանկարչական նյութով հարուստ այս հրատարակությամբ ընթերցողին են ներկայացվում հայկական սպորտի պատմության մինչ օրս անհայտ, սակայն չափազանց հետաքրքիր դրվագներ:
Հայկական վանական համալիրում բացվեց նաև «Հայոց ցեղասպանությունը. ռուսական հայացք» նոր ցուցադրությունը: