24.10.2016
Պետական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Մալթայի Արքայազնը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, հավերժական կրակի մոտ ծաղիկներ խոնարհեց և մեկ րոպե լռությամբ հարգեց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Մալթայի պատվիրակության անդամները մասնակցեցին նաև ծառատունկի արարողությանը: Մալթայի Ինքնիշխան Մարտական Ուխտի Արքայազն և մեծ վարպետ Ֆրա Մեթյու Ֆեսթինգը Հիշողության պուրակում իր անունով արծաթափայլ եղևնի տնկեց:
Այնուհետև հյուրերը ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանի ուղեկցությամբ այցելեցին Հայոց ցեղասպանության թանգարան, ծանոթացան պատմական իրողությունների մանրամասներին:
Մալթայի Արքայազն Ֆրա Մեթյու Ֆեսթինգը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում, որից հետո փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը նրան նվիրեց «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքի անգլերեն հրատարակությունը