25.01.2014
Լուսանկարը՝ Marc Melki
«Աստված թողեց ինձ այսքան երկար ապրել, որպեսզի կարողանամ պատմել այս պատմությունը»
Օվսաննա Գալուստյան
Բրիտանական հեղինակավոր The Guardian պարբերականն անդրադրաձել է Հայոց ցեղասպանությունը վերապրած 106 ամյա Օվսաննա Գալուստյանի պատմությանը «Առաջին Համաշխարհային պատերազմ. վերջին վերապրածների հիշողությունները» հատուկ նախագծի շրջանակներում: Նախագիծն իրականացվել է եվրոպական 4 այլ թերթերի հետ համատեղ։
Փոքրամարմին տարեց կինն այլևս դուրս չի գալիս Մարսելի փողոցներ, քայլում է ձեռնափայտի օգնությամբ։ Սակայն նա չունի իր դստեր ու թոռների ուշադրության պակաս, ովքեր այդ առումով շատ են «երես տվել» կնոջը։
Երբ հարցնում ես նրան իր մանկության մասին, նա միանգամից անհանգիստ է դառնում։ 106-ամյա Օվսաննա Գալուստյանը 1915թ. տեղի ունեցած Ցեղասպանության վերջին վերապրածներից է, ով իր մեջ է կրում անցյալի ողջ սարսափելի հիշողությունները։ Նա քաջ գիտակցում է, թե այդ դեպքերից մեկ դար անց ինչ կարևոր առաքելություն ունի։
«Աստված թողեց ինձ այսքան երկար ապրել, որպեսզի կարողանամ պատմել այս պատմությունը»,-նշել է կինը։ Օվսաննան իր մտքում պահել է բազմաթիվ պատկերներ ու մանրամասներ այն սարսափի, եղեռնի ու արտաքսումների մասին, որոնց դատապարտված է եղել նրա ժողովուրդն Օսմանյան կայսրության կառավարման տարիներին։
Օվսաննան ծնվել է 1907թ.՝ Կոնստանդնուպոլսից 100 կմ հեռավորության վրա գտնվող Ադաբազարում։ Նա մեծացել է եկեղեցու հարևանությամբ գտնվող գեղեցիկ, եռահարկ տանը, որը նաև պարտեզ ուներ։ Օվսաննայի հայրն ունեցել է սրճարան, վարսավիրանոց ու ատամնաբուժարան։
Քաղաքն Օսմանյան կայսրության տարածքում բնակվող հայերի համար եղել է կարևոր առևտրային ու արհեստագործական կենտրոն, որի բնակչության կեսը եղել են հայեր։ Օվսաննան վերհիշում է, որ Ադաբազարում անգամ հույներն ու թուրքերն էին հայերեն խոսում։
Օվսաննան ընդամենը ութ տարեկան էր, երբ երիտթուրքերի կառավարությունը հրահանգեց կազմակերպել հայերի արտաքսումը։ «Կիրակի էր, նրա մայրը վերադառնում էր եկեղեցուց. քահանան հենց նոր հայտնել էր, որ քաղաքը պետք է դատարկվեր երեք օրում»,-պատմում է Օվսաննայի թոռը՝ Ֆրեդերիկը, ով քաջատեղյակ է ընտանիքի պատմությանը։
Մարդիկ խմբեր կազմեցին ու ոտքով շարժվեցին դեպի հարավ ու արևելք։ Օվսաննան իր ծնողների, եղբոր, քեռիների, մորաքույրների ու զարմիկների հետ միասին ժամանեց Էսքիշեհիր, որտեղ նրանց խմբով լցրին անասունների համար նախատեսված գնացքի վագոնը։ Ահա այսպես են հազարավոր հայեր ուղարկվել Սիրիայի անապատներ։
Սակայն ճանապարհին գնացքը կանգնեցրել են թուրքական նահանգներից մեկում ու հրամայել հայերին կառուցել ժամանակավոր ճամբար։ Երկու տարի անց նրանց հաջողվել է փախչել ու գյուղական բնակավայրում թաքնվել։ Օվսաննան վերհիշում է, թե ինչպես էր անհանգստանում այն երիտասարդ աղջիկների համար, որոնց առևանգում էին Օսմանյան կայսրությանն աջակցող հանցագործները։
1918թ. Օվսաննան ու իր ընտանիքը կարողացել են վերադառնալ իրենց հարազատ տուն, սակայն այն հայտնաբերել են հողին հավասարեցված։ Բացի այդ, քաղաքի նոր թուրք բնակիչները թույլ չեն տվել հայ ընտանիքին մնալ այդտեղ ու վռնդել են նրանց։
Սկզբում նրանք տեղափոխվել են Կոնստանդնուպոլիս, իսկ 1924թ. Օվսաննայի բարեկամներն արտագաղթել են ԱՄՆ։ Դրանից 4 տարի անց նրա ընտանիքը նավակով փախել է Մարսել։ Այսօր Մարսելի բնակչության 10%-ը Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգներն են։
Ֆրանսիայում Օվսաննան ամուսնացել է իր նման մազապուրծ եղած Զավեն Գալուստյանի հետ. նրանք բացել են արևելյան խանութ, գնել մի կտոր հող ու վերջնականապես հիմնվել Մարսելում։ «Ժխտելով Հայոց ցեղասպանության փաստը՝ մարդիկ ժխտում են նաև իմ տատի պատմած պատմություններն ու ասած խոսքերը»,-եզրափակել է Ֆրեդերիկը»։
Guillaume Perrier «Le Monde»