25.02.2025
Հայ ազգային-ազատագրական գործիչ, զորահրամանատար Անդրանիկ Օզանյանը (Զորավար Անդրանիկ) ծնվել է 1865 թվականի փետրվարի 25-ին, Շապին-Գարահիսարում: Ազգային հերոսի համբավ ձեռք բերած Անդրանիկն առանձնահատուկ դեր է ունեցել 19-րդ դարավերջի և 20-րդ դարասկզբի հայ ազատագրական շարժման գործում։ 1892 թ. Անդրանիկն անդամագրվել է Հայ հեղափոխական դաշնակցություն կուսակցությանը, այլ ֆիդայիների հետ մասնակցել հայրենիքի պաշպանությանը։ Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին կարևոր դերակատարություն է ունեցել կամավորական շարժման կազմակերպման գործում: 1918 թ. Էրզրումում վարելով ծանր պաշտպանական մարտեր՝ ապահովել է թուրքական կոտորածներից մազապուրծ հայության նահանջը:
Անգնահատելի է Ա. Օզանյանի ավանդն ինչպես ազգային-ազատագրական շարժման, այնպես էլ Հայոց ցեղասպանության հետևանքով բնօրրանը կորցրած հայ գաղթականներին վերահաս մահից փրկելու և որբահավաք աշխատանքների կազմակերպման գործում:
Անդրանիկ Օզանյանը մահացել է 1927 թ. օգոստոսի 31-ին Չիկոյում (ԱՄՆ): 1928 թվականի հունվարին նրա աճյունը փոխադրվեց Փարիզ և վերաթաղվեց Պեր-Լաշեզ գերեզմանոցում, իսկ տարիներ անց (2000) այն տեղափոխվեց Հայրենիք՝ Երևանի Եռաբլուր պանթեոն։
ՀԱՆԳԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԿՏՐՈՆ՝ ԶՈՐԱՎԱՐ ԱՆԴՐԱՆԻԿԻ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅԱՄԲ
Այս կտրոնը թողարկվել է ԱՄՆ-ում` 1919 թ. վերջին, «Փրկության հանգանակություն» կենտրոնական հանձնախմբի կողմից, որը ղեկավարում էր Անդրանիկ Օզանյանը: Կտրոնի վրա գրված է. «Փրկութեան հանգանակութիւն Հայաստանի կարօտելոց»: Կենտրոնում` օվալաձև շրջանակի մեջ, պատկերված է Խրիմյան Հայրիկի (Մկրտիչ Խրիմյան) դիմանկարը, որը կիսով չափ օղակած դափնեպսակին գրված է «Հայրիկ»: Նկարի աջ կողմում ԱՄՆ-ի, իսկ ձախում` Հայաստանի առաջին հանրապետության դրոշներն են: Կտրոնում գրված է նվիրատուի անուն-ազգանունը` Ստեփան Սողոմոնյան և հանգանակած գումարի չափը` 100 դոլար: Ստորին հատվածում հանձնախմբի նախագահ Անդրանիկ Օզանյանի և գանձապետ Կ. Մարգարյանի ստորագրություններն են:
Կտրոնի աջ անկյունում նկարված է հայ կարիքավոր ընտանիք` հայրը, մայրը և երկու երեխաները, որոնցից մեկը, ձեռքերն առաջ պարզած, հաց կամ փող է աղերսում: Ձախ անկյունում պատկերված է Հայաստանը` Արարատ, Սիփան լեռներով և Վանա լճով: