25.03.2016
Մարտի 25-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր այցելեց Վրաստանի արտգործնախարար Միխայիլ Ջանելիձեն: Նախարարը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության հուշարձանի մոտ, վրացական պատվիրակության անդամների և Վրաստանում ՀՀ դեսպան Յուրի Վարդանյանի հետ հավերժական կրակի մոտ մեկ րոպե լռությամբ հարգանքի տուրք մատուցեց անմեղ նահատակների հիշատակին:
ՀՑԹԻ փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը պարոն Միխայիլ Ջանելիձեին համառոտ պատմեց Հայոց ցեղասպանության ողբերգական դրվագների, Մեծ Եղեռնի հուշահամալիրի կառուցման և խորհրդանշական ճարտարապետության մասին: ՀՑԹԻ փոխտնօրենը նախարար Ջանելիձեին ուղեկցեց Հիշողության պատի մոտ՝ նրա ուշադրությունը հրավիրելով նաև Հայոց ցեղասպանության պատմության մարդասիրական էջերին ու դրվագներին:
Հիշողության պատի հետնամասում ամփոփված են օտարերկրացի մշակութային, հասարակական, քաղաքական ու գիտական այն գործիչների գերեզմաններից բերված հողով սափորները, որոնք ոչ միայն Հայոց ցեղասպանության ականատեսներն ու վկաներն էին, այլև՝ հայ ժողովրդի մեծ բարեկամները:
Հրաժեշտի ժամանակ ՀՑԹԻ փոխտնօրենը Վրաստանի ԱԳ նախարարին նվիրեց ՀՑԹԻ անգլերեն և ֆրանսերեն հրատարակություններից: