25.03.2021
Ս.թ. մարտի 25-ին պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբն այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Իրաքի Հանրապետության պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակությանը դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը: Նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց զոհերի հիշատակը:
Նախարարն այցելեց նաև Հայոց ցեղասպանության թանգարան, որտեղ նրան 20-րդ դարի առաջին ցեղասպանությանը վերաբերող վավերագրերն ու ցուցանմուշները ներկայացրեց ՀՑԹԻ Հուշագրությունների, մամուլի և վավերագրերի ուսումնասիրության բաժին ղեկավար Միհրան Մինասյանը:
Այցի ավարտին նախարար Ջումաա Ինադ Սաադուն Խատտաբը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: