25.03.2024
Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի գլխավորած պատվիրակությունը մարտի 25-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Հայաստանի փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի, ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի, Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանի և Հայաստանում Վրաստանի դեսպան Գիորգի Շարվաշիձեի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: Պարոն Իրակլի Կոբախիձեն ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Այցի ավարտին Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն Հիշողության պուրակում տնկեց արծաթափայլ եղևնի:
Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր: