25.04.2017
Ապրիլի 25-ին պաշտոնական այցով Երևանում գտնվող Հնդկաստանի փոխնախագահ Մոհամմադ Համիդ Անսարին ՀՀ արտաքին գործերի նախարար Էդուարդ Նալբանդյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:
Հնդկաստանի փոխնախագահը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, ծաղիկներ խոնարհեց հավերժական կրակի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգեց Սուրբ նահատակների հիշատակը։
Մոհամմադ Համիդ Անսարին եղավ նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, ծանոթացավ Մեծ եղեռնը հավաստող փաստերին, պատմական դրվագներին և իրողություններին։
Պարոն Մոհամմադ Համիդ Անսարին գրառում կատարեց պատվավոր հյուրերի հուշամատյանում:
ՀՑԹԻ տնօրենը բարձրաստիճան հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի հրատարակած «Հայոց ցեղասպանության լուսաբանումը համաշխարհային մամուլի առաջին էջերին» գրքի անգլերեն հրատարակությունը և ֆրանսահայ անվանի նկարիչ Ժանսեմի պատկերագիրքը:
Այնուհետեւ Հնդկաստանի փոխնախագահը «Հիշողության պուրակում» արծաթափայլ եղևնի տնկեց: