25.05.2015
Մայիսի 22-ից 24-ը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումների շրջանակներում Ռումին Շինականի ազգային թանգարանում ներկայացվեցին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Արևմտահայ կրթությունը» և «Հայկական հարսանիքն Օսմանյան կայսրությունում» թեմատիկ ցուցադրությունները:
Միջոցառումը կազմակերպել էին Ռումինիայում ՀՀ դեսպանությունը և Ռումին Շինականի ազգային թանգարանը` Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Ռումինիայի Հայոց միության աջակցությամբ:
Ցուցադրությունների շրջանակում մայիսի 23-ին նույն թանգարանի «Հորիա Բերնեա» դահլիճում ցուցադրվեցին «Արարատից Եվրոպա» և «Հայաստան. Նոյի երկիր» վավերագրական ֆիլմերը: Թանգարանի բակում կազմակերպվեց հայկական տոնավաճառ:
Այս միջոցառումները եզրափակեցին Ռումին Շինականի ազգային թանգարանում ապրիլի 24-ին բացված «Հայկական պատումներ. Արարատից Ստրադա Արմենեասկա» խորագրով մեկամսյա ցուցահանդեսը, որ ներկայացնում էր Ռումինիայում ապաստանած հայերի պատմությունն ու առօրյան, մշակույթն ու ապրելակերպը: