25.05.2024
Մայիսի 19-25-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի և Հայաստանի հունական համայնքների միության հետ համագործակցությամբ միջոցառումների շարք տեղի ունեցավ՝ նվիրված Հույների ցեղասպանության զոհերի հիշատակին:
Մայիսի 19-ին Ալավերդու հունական համայնքի բակում հարգանքի տուրք մատուցվեց Պոնտոսի հույների ցեղասպանության զոհերի հիշատակին։ Ծաղիկներ խոնարհվեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող խաչքարի մոտ, որտեղ համայնքի հոգևոր հովիվ տեր Միքայել քահանա Շաղոյանն իրականացրեց հոգեհանգստի կարգ՝ ի հիշատակ Հույների ցեղասպանության։
Միջոցառմանը մասնակցում էին ՀՑԹԻ գիտաշխատող Նարեկ Պողոսյանը և ավագ գիտաշխատող Թեհմինե Մարտոյանը: Ելույթներ ունեցան Ալավերդի համայնքի ղեկավար Դավիթ Ղումաշյանը, Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը, Հայաստանի հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարևան, «ԱԿՄԻ» հունական համայնքի ներկայացուցիչ, «Հելլեն Մեդ» հունական բժշկական կենտրոնի տնօրեն Սիմոն Զախարովը, ՀՑԹԻ ավագ գիտաշխատող Թեհմինե Մարտոյանը և այլք։
Մայիսի 23-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում «Ինչո՞ւ հիշել, ինչո՞ւ հիշատակել» խորագրով հեռավար դասախոսություն կարդաց հայտնի ցեղասպանագետ և հայագետ Թեսսա Հոֆֆմանը:
Մայիսի 25-ին Հույների ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառումների շաբաթը եզրափակվեց ՀՑԹԻ-ում: Հայաստանում Հունաստանի արտակարգ և լիազոր դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը, Հայաստանի հունական համայնքների միության նախագահ Մարիա Լազարևան, Վահագն Դադրյանի անվան Համեմատական ցեղասպանագիտության բաժնի ղեկավար Սուրեն Մանուկյանը, ՀՑԹԻ գիտաշխատողները և հունական համայնքի ներկայացուցիչները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին:
Այնուհետև Սուրեն Մանուկյանը հյուրերին ներկայացրեց ՀՑԹԻ մշտական ցուցադրության՝ Հույների ցեղասպանության թեմային նվիրված պաստառը: Միջոցառման շրջանակում առանձին ցուցադրությամբ գիտաժողովների սրահում ներկայացվեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ֆոնդերում պահվող նյութը Հույների ցեղասպանության մասին:
Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը և դեսպան Խրիստոս Սոֆիանոպուլոսը: Նրանք հատկապես կարևորեցին և ողջունեցին նմանօրինակ հիշատակի միջոցառումները՝ հաշվի առնելով այն փաստը, որ հայերն ու հույները՝ որպես աշխարհի հնագույն քաղաքակիրթ ժողովուրդներ, իրենց բնորոշ ազգային կենսունակության ուժով դիմագրավել են ժամանակի մարտահրավերներին:
Թեհմինե Մարտոյանը ներկայացրեց «Հայ-հունական համագործակցության փորձերը. պատմական զուգահեռություն» խորագրով զեկուցումը:
Միջոցառումն ավարտվեց հարցուպատասխանով: