25.07.2024
Վերջին ամիսներին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտական ֆոնդերը համալրվել են 4300-ը գերազանցող բացառիկ նյութերով, որոնք այսօր ներկայացվեցին ՀՑԹԻ գիտաժողովների դահլիճում: Միջոցառմանը հրավիրված էին նաև նվիրատու ընտանիքների մի մասը: ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանն իր բացման խոսքում նշեց, որ հիմնադրման օրվանից Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գործունեության մեջ առանցքային դեր ունի նոր նյութերի ձեռքբերումը, դրանց ուսումնասիրությունը և հանրահռչակումը: Ապա ավելացրեց, որ այս անգամ ևս աշխարհագրությունը բավականին լայն է. նվիրատվություններ են կատարվել ոչ միայն Հայաստանից, այլև Ֆրանսիայից, Լիբանանից, ԱՄՆ-ից, ՌԴ-ից, Հունաստանից:
Ներկայացված նյութերում մեծ մաս էին կազմում բնօրինակ լուսանկարներ՝ ինչպես Հայոց ցեղասպանության, այնպես էլ համիդյան կոտորածների տարիներին արված: Մուսա Լեռան հերոսամարտի հետ կապված շուրջ 60 լուսանկար է ՀՑԹԻ-ին հանձնել ամերիկաբնակ մեր հայրենակից Քրեյգ Սիմոնյանը: Բավականին մեծ թվով լուսանկարներ ՀՑԹԻ-ին է հանձնել ֆրանսահայ լուսանկարիչ Արշակ (Մաքս) Սիվասլյանը, որի լուսանկարներում ներկայացված են դրվագներ ինչպես 1992 թվականի, այնպես էլ 2016 թվականի Արցախյան պատերազմներից: Լուսանկարներից բացի ներկայացվեցին Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ, օսմանատառ բնօրինակ փաստաթղթեր, Զեյթունի 1895 թ. և Այնթապի 1920 թ. հերոսամարտերի մասնակից Հակոբ Օհանյանի գլխանոցը և այլն:
Այս բոլոր նյութերը հակիրճ ներկայացրեց ՀՑԹԻ գլխավոր ֆոնդապահ Գոհար Խանումյանը և միջոցառմանը ներկա նվիրատուները: Նրանք իրենց խոսքում նշեցին, որ իրենց համար դժվար է եղել բաժանվել իրենց նախնիներից մնացած հուշ-պատառիկերից, բայց, այնուամենայնիվ, քաջ գիտակցում են, որ այս նյութերի պահպանման և ուսոմնասիրման լավագույն վայրը հենց ՀՑԹԻ-ն է: ՀՑԹԻ տնօրենն էլ նշեց, որ կարևոր նշանակությամբ այս նյութերն իրենց տեղը կունենան առաջիկա ցուցադրություններում, ապա որպես երախտագիտության նշան ապրիլի 24-ի ծաղթաթերթերից պատրաստված շնորհակալագրեր հանձնեց ներկա նվիրատուներին: Հետաքրքիր զուգադիպությամբ այսօր ՀՑԹԻ էր այցելել գերմանացի հետազոտող Վոլֆգանգ Ռիքմանը: Նա, լինելով Արևմտյան Հայաստանում, դեռևս 2000 թվականին Վանի Սուրբ Պողոս-Պետրոս եկեղեցու տարածքից գտած խաչքարի կտոր էր հանձնել ՀՑԹԻ-ին: