25.12.2014
Այսօր ժամը 12:00-ին, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրենության հաշվետու մամուլի ասուլիսը:
Ասուլիսի ընթացքում ՀՑԹԻ տնօրեն, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը անդրադարձավ թանգարանի ընթացիկ և նոր ցուցադրության նախապատրաստական աշխատանքներին, ինչպես նաև 2015 թվականի ընթացքում Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի կողմից իրականացվելիք միջոցառումներին:
Ասուլիսից հետո տեղի ունեցավ պատմական գիտությունների դոկտոր Հայկ Դեմոյանի «Թուրքիայի արտաքին քաղաքականությունը և ղարաբաղյան հակամարտությունը» մենագրության շնորհանդեսը:
«Շինարարական աշխատանքներն ավարտվել են: Հաշված օրերի ընթացում պատրաստ կլինի նոր ցուցադրության դիզայներական նախագիծը: Նոր թանգարանի ցուցադրական մակերեսը 2,5 անգամ ընդարձակվել է, թանգարանն ունի նոր հարմարություններ, ստեղծվել են բացառիկ պայմաններ ֆոնդային միավորների պահպանության համար, վերազինվել է կահույքը, տեխնիկական միջոցները»,- նշեց Հայկ Դեմոյանը` հավելելով, որ ապրիլին` մինչև թանգարանի պաշտոնական բացումը, կլինի փակ շրջայց հատուկ լրատվամիջոցների ներկայացուցիչների համար:
ՀՑԹԻ տնօրենն անդրադարձավ նաև մշտական ցուցադրությունից բացի ՀՑԹԻ կողմից մշակվող մյուս նախագծերին` մասնավորապես, ժամանակավոր, բազմալեզու և բազմապրոֆիլ ցուցադրությունների, միջազգային գիտաժողովների և տարաբնույթ այլ միջոցառումների կազմակերպմանը:
«Մենք չենք սահմանափակվում միայն Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության եզակի թանգարանի ցուցադրությամբ: Մեր զինանոցի պաշարի մի մասը կցուցադրվի աշխարհի բազմաթիվ քաղաքներում: Թեմատիկ առումով դրանք բազմազան են: Նախատեսվում են ունիվերսալ ցուցադրություններ` չորս լեզուներով, որոնք ներկայացնելու ենք Սփյուռքի բազմաթիվ համայնքներում: Յուրաքանչյուր տարածաշրջանի համար նախատեսվում է առանձին ցուցադրություն` ուղեկցող բազմալեզու կատալոգով»,- նշեց Հայկ Դեմոյանը:
ՀՑԹԻ համար կարևոր ձեռքբերում է նաև 2015թ. Երևանում անցկացվելիք ցեղասպանագետների միջազգային ընկերակցության 12-րդ համաժողովը, որին կմասնակցեն ավելի քան 300 ցեղասպանագետներ աշխարհի տարբեր երկրներից:
«Ոսկե ծիրան» կինոփառատոնի շրջանակում կցուցադրվի Ավրորա Մարդիգանյանի կյանքի ոդիսականի մասին տեսանյութ, նրան նվիրված ցուցադրություն, 2015թ. ամռանը կայանալիք համահայկական խաղերի ժամանակ կցուցադրվի մինչև 1915թ. Օսմանյան կայսրությունում հայկական սպորտի մասին հավաքված հսկայական արխիվը: Աշնանը նախատեսվում է անցկացնել «Հայոց ցեղասպանության մանուկ զոհերը» խորագրով միջազգային գիտաժողով: