26.03.2021
Գիտաժողովի օրերը՝ 16-18 սեպտեմբերի 2021 թ.
Գիտաժողովի վայրը՝ ՀՀ ԳԱԱ նախագահության նիստերի դահլիճ, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նիստերի դահլիճ, Երևանի պետական համալսարան, Մատենադարան
2020 թ. սեպտեմբերի 27-ին Արցախի Հանրապետության դեմ Ադրբեջանի և նրան դաշնակցած Թուրքիայի սանձազերծած պատերազմը և դրա արդյունքում նոյեմբերի 9-ին Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ստորագրված համատեղ հայտարարությունը լուրջ բացասական հետևանքներ ունեցավ հայ ժողովրդի համար` Արցախի Հանրապետությունը կրեց խոշոր տարածքային կորուստներ, արցախահայության զգալի հատվածը զրկվեց իր հայրենիքում ապրելու հնարավորությունից` դառնալով փախստական։
Արցախյան երկրորդ պատերազմում Թուրքիայի գործուն մասնակցությունը, այդ պետության կողմից հետապնդած պանթուրքիստական նպատակները թույլ են տալիս տեղի ունեցածը դիտարկել որպես հայ ժողովրդի մասնիկներից մեկի` Արցախի հայության նկատմամբ ցեղասպան և հայրենազրկման քաղաքականության նոր դրսևորում, ինչը իրավաչափ է դարձնում նաև ադրբեջանահայության և արցախահայության նկատմամբ ադրբեջանական իշխանությունների ցեղասպան քաղաքականության պատմության գիտական արծարծումը Հայկական հարցի և Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունների ծիրում։
Ստեղծված նոր իրողությունները նաև արդիական են դարձնում Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության գիտական ասպեկտին առնչվող նոր խնդիրների և մարտահրավերների քննարկումը, ուսումնասիրության նոր ուղղությունների և ոլորտների սահմանումն ու ներկայացումը, Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման գործընթացի հեռանկարների քննարկումը։
Վերոնշյալ նպատակին է ուղղված
«Հայոց ցեղասպանության, հայկական պահանջատիրության և արցախյան հիմնահարցի խաչմերուկներում. հետահայաց գնահատումներ և հեռանկարներ» խորագրով գիտաժողովի կազմակերպումը։
Գիտաժողովին ներկայացվելիք զեկուցումները պետք է վերաբերեն (սակայն չսահմանափակվեն) հետևյալ թեմաներին.
1. Հայոց ցեղասպանության ուսումնասիրության խնդիրները 21-րդ դարում. պրոբլեմային դաշտի նշագծում
2. Հայոց ցեղասպանության աղբյուրագիտության խնդիրներ. վերարժևորումներ և նոր բացահայտումներ (նոր արխիվային տվյալներ, մամուլ, հուշագրություններ, գեղարվեստական գրականություն)
3. Հայոց ցեղասպանության ուսումնասիրությունը միջգիտակարգային տիրույթում (հոգեբանություն, սոցիոլոգիա, տնտեսագիտություն, քաղաքագիտություն, մշակութաբանություն, ազգագրություն, կրոնագիտություն, արվեստաբանություն և այլն)
4. Ցեղասպանության հիշողության փոխանցման մեխանիզմները 20-21-րդ դարերում և Հայոց ցեղասպանության դասավանդման խնդիրները
5. Թվային տեխնոլոգիաները և Հայոց ցեղասպանագիտության ապագան
6. Հայոց հայրենազրկումը ամրագրող միջազգային պայմանագրեր. պատմաիրավական գնահատական
7. Հայոց ցեղասպանության ժխտումը և հայատյացությունը Թուրքիայի քաղաքականության ծիրում
8. Ադրբեջանական իշխանությունների հայատյացության և ցեղասպան քաղաքականությունը ադրբեջանահայության և արցախահայության նկատմամբ
Գիտաժողովի շրջանակներում կազմակերպվելու են հետևյալ երկու կլոր սեղան-քննարկումները.
– Հայոց ցեղասպանության ճանաչման և հատուցման գործընթաց. ձեռքբերումներ, խնդիրներ, սպասելիքներ,
– Ցեղասպանության քաղաքականության դրսևորումները երկրորդ արցախյան պատերազմի ժամանակ։
Գիտաժողովը բաց է հետազոտողների լայն շրջանակի համար:
Գիտաժողովի հայտերը պետք է ներկայացնել մինչև
2021 թ. հունիսի 15-ը: Ընտրված մասնակիցների վերաբերյալ տեղեկատվությունը կհրապարակվի 2021 թ. հունիսի 30-ին: Ներկայացվող հայտերը պետք է ընդգրկեն ամփոփում՝ 200-250 բառ, և հեղինակի համառոտ գիտական ինքնակենսագրությունը (CV):
Դիմումները պետք է ուղարկվեն կազմակերպչական հանձնաժողովին հետևյալ էլ. հասցեով՝
genocide.artsakh@genocide-museum.am:
Գիտաժողովի աշխատանքային լեզուներն են հայերենը և անգլերենը։
Գիտաժողովն առանց մասնակցության վճարի է:
ԳԻՏԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԿՈՄԻՏԵ