26.07.2024
«Փրկիր Հայաստանը» (Save Armenia) հուդայա-քրիստոնեական միության պատվիրակությունը հուլիսի 25-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Մարտին Լյութեր Քինգի զարմուհի, դոկտոր Ալվեդա Քինգի գլխավորությամբ: Պատվիրակության կազմում էին ԱՄՆ ավետարանական համայնքի բարձրաստիճան ղեկավարներ և Վաշինգտոնում գործող հասարակական կազմակերպությունների փորձագետներ: Միությունը պաշտոնապես իր գործունեությունը մեկնարկել է 2024 թվականին՝ նպատակ հետապնդելով միավորել համաշխարհային քրիստոնյա համայնքների ջանքերը՝ Հայաստանին աջակցելու համար:
Պատվիրակության անդամները ՀՑԹԻ էքսկուրսավար Էլեն Հակոբյանի ուղեկցությամբ շրջեցին Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, այնուհետև ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը նրանց ուղեկցեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը: ՀՑԹԻ տնօրենն անդրադարձ կատարեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում անցյալ դարավերջին Ադրբեջանի Սումգայիթ, Կիրովաբադ (Գանձակ), Բաքու քաղաքներում ադրբեջանական կառավարության կազմակերպած կոտորածներին զոհ գնացած հայերի հիշատակին տեղադրված երեք խաչքարերի և Արցախյան գոյամարտի տարիներին Հուշապատի դիմացի հատվածում հուղարկավորված հինգ ազատամարտիկների պատմություններին՝ շեշտելով կապը տեղի ունեցածի և Հայոց ցեղասպանության միջև: Էդիտա Գզոյանն անդրադարձավ նաև Արցախի հիմնահարցի պատմաիրավական ասպեկտներին, ներկայացրեց Ադրբեջանի հակահայկական գործողություններն ու քարոզչությունը:
ԱՄՆ-ից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը:
Այցի ավարտին նրանք եղան Հիշողության պուրակում և, ի հիշատակ Հայոց ցեղասպանության զոհերի, եղևնի տնկեցին: