26.10.2024
Հոկտեմբերի 23-ից 25-ը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների դահլիճում տեղի ունեցավ “The International Recognition of the Armenian Genocide: Memorial, Political, and Geopolitical Stakes of a Decades-Long Unfinished Struggle” [Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչումը․ տասնամյակների անավարտ պայքարի հիշողութային, քաղաքական և աշխարհաքաղաքական ուղենիշները] խորագրով եռօրյա միջազգային գիտաժողովը: Գիտաժողովին մասնակցում էին շուրջ երեսուն գիտնական՝ Հայաստանից, Ֆրանսիայից, ԱՄՆ-ից, Բելգիայից, Գերմանիայից, Լեհաստանից, Լիբանանից, Բրազիլիայից, Արգենտինայից, Նոր Զելանդիայից, Հնդկաստանից, Ավստրալիայից, Իռլանդիայից, Ֆինլանդիայից և Իսպանիայից: Բացմանը ներկա էին ՀՀ-ում Սիրիայի արտակարգ և լիազոր դեսպան Նորա Արիսյանը, Կանադայի դեսպան Էնդրյու Թըրները, Արգենտինայի դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնսալես Ալեման, ՌԴ դեսպանատան ներկայացուցիչ Դենիս Նազարովը և այլք:
ՀՑԹԻ տնօրենը Էդիտա Գզոյանն իր բացման խոսքում նշեց, որ գիտաժողովի գաղափարն առաջացել է համակազմակերպիչ Ժուլիեն Զարիֆյանի հետ ունեցած քննարկման ժամանակ, ինչն էլ կարողացել են կյանքի կոչել: «Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, կարելի է ասել, որ սկսվել է հենց կոտորածներին համընթաց. նախ 1915 մայիսի 24-ին Ռուսաստանը, Մեծ Բրիտանիան և ԱՄՆ-ն ընդունեցին համատեղ հռչակագիր, որով դատապարտում էին թուրքական իշխանություններին և մեղադրում հայերի կոտորածների համար՝ դրանք որակելով որպես մարդկության և քաղաքակրթության դեմ արարք և առաջ քաշում պատասխանատուներին պատժելու գաղափարը: Այնուհետև հենց թուրքական պետությունը դատապարտեց հայկական կոտորածները իր արտակարգ ռազմական ատյանների վճիռներով՝ հեռակա մահվան դատապարտելով մեղավորներին ու պատասխանատուներին: Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման թեման սակայն մինչև Երկրորդ աշխարհամարտը, կարծես, մոռացվեց և միայն «ցեղասպանություն» տերմինի և կոնվենցիայի ընդունումից հետո միայն նորից բարձրաձայնվեց: Նախ Ուրոգվայը, այնուհետև Կիպրոսը, Արգենտինան, Ռուսաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ն և այլ երկրենր ճանաչեցին և դատապարտեցին Հայոց ցեղասպանությունը: Այս գործընթացում մեծ են սփյուռքյան կազմակերպությունների դերը, որոնց համար սա չափազանց կարևոր է»,- ավելացրեց ՀՑԹԻ տնօրենը:
Գիտաժողովի մասնակիցներին և ներկաներին ողջույնի խոսքեր հղեցին Պուատիեի համալսարանի նախագահ Վերժինի Լավալը, Հայաստանի ֆրանսիական համալսարանի ռեկտոր Սալվա Նակուզին, Հայագիտական ուսումնասիրությունների և հետազոտությունների ազգային ընկերակցության (NAASR- National Association for Armenian Studies and Research) գիտական տնօրեն Մարկ Մամիկոնյանը և Պուատիեի համալսարանից գիտաժողովի համակազմակերպիչ Ժուլիեն Զարիֆյանը:
Առաջին օրվա ավարտին Հայոց ցեղասպանության ամերիկյան ճանաչման մասին տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում ՀՀ-ում ԱՄՆ նախկին դեսպան Ջոն Էվանսի մասնակցությամբ:
Գիտաժողովի երկրորդ օր ևս հագեցած էր հետաքրքիր զեկույցներով:
Օրվա առաջին երկու նիստերի ընթացքում քննարկվեցին մի շարք երկրներում, մասնավորապես՝ Մեծ Բրիտանիայում, Իսրայելում, Ավստրալիայում, Ճապոնիայում հարավասիական երկրներում Հայոց ցեղասպանության ճանաչման գարծընթացները և այդ երկրների կողմից դեռևս Հայոց ցեղասպանության չճանաչման պատճառները: Հաջորդ նիստում քննարկվեց Եվրոպայում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացը, ներկայացվեց Գերմանիայի ճանաչման առանձնահատկություններ և կարևորությունը: Նիստի ընթացքում խոսվեց նաևՀայոց ցեղասպանության ճանաչման մեջ հայկական համայնքների դերի մասին, մասնավորապես Լեհաստանի հայկական կազմակերպությունների: Օրվա վերջին նիստն ամբողջությամբ լատինամերիկյան երկրների, հատկապես Արգենտինայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման մասին էր:
Գիտաժողովի վերջին օրվա երկու նիստերի ընթացքում քննարկվեցին Հայոց ցեղասպանության ճանաչման իրավական ասպեկտներն ու հեռանկարները, ինչպես նաև ճանաչման գործընթացին հաջորդելիք քայլերը, կարևորվեցին այդ ուղղությամբ արվելիք աշխատանքները: Յուրաքանչյուր նիստին հաջորդեց հարցուպատասխան, ծավալվեցին հետաքրքիր քննարկումներ, նախանշվեցին քայլեր, որոնք կնպաստեն Հայոց ցեղասպանության ճանաչմանը և ցեղասպանությունների կանխարգելմանը:
Գիտաժողովի աշխատանքներն ամփոփելիս ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը շնորհակալություն հայտնեց բոլոր մասնակիցներին ու աջակիցներին և հույս հայտնեց, որ մոտ ապագայում ներկայացված զեկուցումները առանձին ժողովածուի տեսքով լույս կտեսնեն:
Գիտաժողովի ավարտից անմիջապես հետո Էդիտա Գզոյանը Հայոց ցեղասպանության հետազոտման և ճանաչման գործում ունեցած ավանդի, ինչպես նաև Արցախի հարցում իրենց հաստատական աջակցության համար Արգենտինայի Տրես դե Ֆեբրերո ազգային համալսարանի պրոֆեսոր Նելիդա Էլենա Բուլգուրջյանին և Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախագահ Մելանի Օ’Բրայենին պարգևատրեց Ավրորա Մարդիգանյան հուշամեդալով, իսկ Պուատիեի համալսարանի պրոֆեսոր Ժուլյեն Զարիֆյանին և Ցեղասպանագետների միջազգային ընկերակցության նախկին նախագահ Անրի Թերիոյին Հենրի Մորգենթաու հուշամեդալով: Նրանք իրենց երախտագիտությունը հայտնեցին պարտավորեցնող մեդալների համար և նշեցին, որ կշարունակեն իրենց պայքարը հանուր արդարության հաղթանակի:
Մասնակիցների և զեկուցումների մասին՝
https://genocide-recognition.am/?page_id=11: