26.11.2015
Նոյեմբերի 26-ին ՀՑԹԻ այցելեցին Եվրոպայի եկեղեցիների կոնֆերանսի (CEC) ղեկավար մարմնի ներկայացուցիչները կառույցի նախագահ, Անգլիայի եկեղեցու եպիսկոպոս Քրիսթոֆեր Հիլի հետ: Քրիստոնեական էկումենիկ կազմակերպության մոտ երեսուն պատվիրակները ծաղիկներ դրեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի անմար կրակի մոտ, մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ նահատակների հիշատակը:
Եպիսկոպոս Հիլի հանդիսապետությամբ տեղում անգլերեն լեզվով կատարվեց մեկուկես միլիոն նահատակների հիշատակի կարգ, ներկաները խնդրեցին սրբերի բարեխոսությունը:
Արարողությունից հետո պատվիրակության անդամները եղան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, շրջեցին և ծանոթացան պատմական փաստերի հետ:
Եվրոպայի եկեղեցիների կոնֆերանսին անդամակցում են անգլիկան, լյութերական, ուղղափառ, առաքելական շուրջ 125 եկեղեցի: Կազմակերպությունն այս տարի Հայաստանում է անցկացրել ղեկավար մարմնի եռօրյա նիստը: