26.05.2022
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը մայիսի 26-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի և ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը:
Միլո Ջուկանովիչը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, այնուհետև հյուրերը ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության սրբադասված նահատակների հիշատակը:
Նրանք ՀՑԹԻ թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին, որից հետո Չեռնոգորիայի նախագահը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: Շնորհակալություն հայտնելով այցի համար՝ Լուսինե Աբրահամյանը պատվավոր հյուրին նվիրեց Հայոց ցեղասպանության մասին գրքեր: Այցի ավարտին Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչը Հիշողության պուրակում տնկեց արծաթափայլ եղևնի: