27.05.2014
Այսօր Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում սկսվել է Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի չորրորդ նիստը, որը վարել է հանձնաժողովի նախագահ, ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանը:
Այսօրվա նիստը հրավիրվել է ընդլայնված կազմով և նպատակ ունի 100-ամյակի միջոցառումերի պաշտոնական մեկնարկին ընդառաջ ևս մեկ անգամ ամփոփիչ կերպով հստակեցնել հանձնաժողովի գործողությունների ժամանակացույցը և ռազմավարությունը: Պետական հանձնաժողովի անդամներից բացի, ներկա են տարբեր համայնքների հարյուրամյակի տարածաշրջանային հանձնախմբի ներկայացուցիչներ, փորձագետներ, Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցիչներ, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու թեմերի առաջնորդներ:
Հանրապետության Նախագահն իր բացման խոսքում նշել է, որ հանձնաժողովի անդրանիկ նիստից հետո անցած երեք տարիների ընթացքում Հայոց Ցեղասպանության հարյուրամյակի միջոցառումների շրջանակներում կազմակերպչական և նախապատրաստական մեծ աշխատանք է իրականացվել ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ Սփյուռքում և Արցախում: ՀՀ արտաքին գործերի և Սփյուռքի նախարարություններին տրվել են համապատասխան հանձնարարականներ՝ տարբեր երկրներում տարածաշրջանային հանձնախմբերի ձևավորմանն աջակցելու և համադրված ջանքերով տեղերում միջոցառումներ կազմակերպելու համար:
Ելույթ ունեցան նաև ԼՂՀ Նախագահ Բ. Սահակյանը, Ամենայն Հայոց Կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա, ՀՀ Արտաքին գործերի նախարար Է. Նալբանդյանը, ՀՀ Սփյուռքի նախարար Հ. Հակոբյանը և այլոք:
Պետական հանձնաժողովի քարտուղարության հաշվետվությամբ հանդես եկավ նաև ՀՑԹԻ տնօրեն, Հայոց ցեղասպանության հարյուրերորդ տարելիցի միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի քարտուղար Հայկ Դեմոյանը: Վերջինս անդրադարձավ 100-ամյակի հանձնախմբերի և ՀՀ դիվանագիտական ներկայացուցչությունների հետ տարվող աշխատանքներին, միջազգային համագործակցություններին, ինչպես նաև մշտական և ժամանակավոր ցուցադրությունների նախապատրաստական հսկայածավալ աշխատանքներին: