27.07.2024
Հուլիսի 25-ին «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ ՀՑԹԻ 2023թ. հրատարակությունների շնորհանդեսը: Ողջունելով ներկաներին` ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանը նախ ներկայացրեց հրապարակումները, ապա շեշտեց, որ դրանք նախաձեռնվել և իրականացվել են ՀՑԹԻ նախկին տնօրեն Հարություն Մարությանի տնօրենության ժամանակ: Իր խոսքում տիկին Գզոյանն անդրադարձավ ՀՑԹԻ ֆոնդերում պահվող Հայոց ցեղասպանության վերապրածների մինչ օրս անտիպ հուշագրությունների հրապարակումներին, խոսեց դրանց անգնահատելի դերի և կարևորության մասին:
Հարություն Մարությանը ներկայացրեց Ցեղասպանագիտական հանդեսի և International Journal of Armenian Genoicde Studies-ի 2023 թ. համարները` շեշտելով անգլիալեզու ամսագրում Արցախի վերաբերյալ հոդվածների առկայությունն ու աճող քանակը:
Խոսքով հանդես եկան նաև հուշագրությունների խմբագիրները, որոնք հակիրճ ներկայացրեցին վերապրողների կյանքը և կենսագրությունը: Կարևորեցին դրանց հանրայնացումը և նշանակությունը՝ ցեղասպանության ուսումնասիրության համար:
Միջոցառմանը ներկա էին նաև հուշագիր-վերապրողների ազգականները՝ Հայաստանից և սփյուռքից: Վերապրողների ընտանիքների անդամներն ակնառու հպարտությամբ և երախտագիտությամբ էին լսում իրենց նախնիների պատմությունները:
Շնորհանդեսին ներկայացվեցին «Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ» մատենաշարի հետևյալ հերթական հրատարակությունները՝
Հարություն Գրիգորյան «Իմ կենսագրությունը», խմբագիր, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ՝ Ռեգինա Գալուստյան, Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ, 10:
Ավրորա Մարդիգանյան «Հոշոտված Հայաստան. Ավրորա Մարդիգանյանի պատմությունը» գրքի անգլերենից ռուսերեն թարգմանությունը: Թարգմանիչ՝ Հայկուհի Բաբաջանյան, խմբագիր՝ Լարիսա Շաբանովա, Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ, 11:
Գազանճեան Գառնիկ «Յուշագրութիւն», Վ. Գազանճեանի աշխատասիրությամբ: Յովհաննէս Տէր-Փիլիպպոսեան «Արաբկիրցի վերապրողի յուշեր», խմբագիր, առաջաբանի և ծանոթագրությունների հեղինակ՝ Հայաստան Մարտիրոսյան, Հայոց ցեղասպանությունը վերապրածների հուշագրություններ, 12:
Շնորհանդեսին ներկայացվեցին նաև ֆրանսահայ պատմաբան Ռայմոնդ Գևորգյանի «Le Genocide des Arméniens et ses Conséquences» գիրքը և պատմական գիտությունների դոկտոր, ԻԻՀ արտակարգ և լիազոր դեսպան Արսեն Ավագյանի «Геноцид армян. механизмы принятия и исполнения решений» գրքի երրորդ հրատարակությունը: