27.09.2023
Ինն ամիս տևած շրջափակումից հետո, որը նպատակ էր հետապնդում հյուծման միջոցով ցեղասպանության ենթարկելու արցախահայությանը, 2023 թ. սեպտեմբերի 19-ին Ադրբեջանն անցավ ֆիզիկական բնաջնջման փուլին:
Լայնածավալ ռազմական հարձակման արդյունքում, որն ուղեկցվում էր հայատյացության ակնհայտ դրսևորումներով, դաժանություններով և բռնություններով, սպանվեցին հարյուրավոր արցախցիներ, այդ թվում՝ կանայք և երեխաներ: Ստեղծված իրավիճակում ֆիզիկական բնաջնջման անմիջական սպառնալիքի պայմաններում մնացած արցախահայությունն իր հայրենիքից ենթարկվեց բռնի տեղահանման:
Արցախյան հիմնահարցը եղել է ՀՑԹԻ հետազոտական և հանրահռչակման գործունեության առանցքում։ Օգտագործելով հուշահամալիրի տարածքում Բաքվի, Սումգայիթի և Կիրովաբադի հայերի կոտորածներին նվիրված խաչքարերի և արցախյան գոյամարտի ընթացքում զոհված հերոսների գերեզմանների առկայության հանգամանքը՝ դեռևս 2018 թ. աշնանից Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելող պաշտոնական բոլոր պատվիրակություններին ներկայացվում է արցախյան հիմնահարցը՝ զուգահեռներ տանելով Թուրքիայի և Ադրբեջանի վարած հակահայկական քաղաքականությունների միջև:
2020 թ. Ադրբեջանի սանձազերծած պատերազմից հետո ՀՑԹԻ-ում բացվեց «Արցախի, Նախիջևանի, Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության» բաժինը: Բաժնի աշխատակիցների ուժերով հայաստանյան և արտասահմանյան ամսագրերում (WOS, Scopus) թեմայի առնչությամբ տպագրվում են գիտական հոդվածներ:
ՀՑԹԻ անգլալեզու «International Journal of Armenian Genocide Studies»-ի պարբերականի հատուկ համար թողարկվեց՝ նվիրված բացառապես արցախյան հիմնահարցին, որը տրամադրվում է շահագրգիռ կազմակերպություններին և Հայոց ցեղասպանության հուշահամալիր այցելող պաշտոնական պատվիրակությունների անդամներին:
ՀՑԹԻ որոշ գիտաշխատողներ ներգրավվեցին «Թուրք-ադրբեջանական հայատյացության ակունքները, արդի վիճակը, միտումները (միջգիտակարգային մոտեցումներ)» թեմայի ուսումնասիրության մեջ:
2021 թ. կազմակերպվեց «Հայոց ցեղասպանության, հայկական պահանջատիրության և արցախյան հիմնահարցի խաչմերուկներում. հետահայաց գնահատումներ և հեռանկարներ» միջազգային գիտաժողովը, որը ևս միտված էր արցախյան խնդրի բարձրաձայնմանը:
ՀՑԹԻ կայքն այս ընթացքում պարբերաբար անդրադարձավ Արցախյան հիմնախնդրին, Ադրբեջանի վարած ցեղասպան քաղաքականությանը՝ ներկայացնելով նաև միջազգային կարևոր կառույցների զեկույցները:
Ներկայումս, ստեղծված հանգամանքներով պայմանավորված՝ ՀՑԹԻ-ն նպատակ ունի ընդարձակելու այս ուղղությամբ իր հետազոտական գործունեությունը՝ նախաձեռնելով հետևյալ աշխատանքները՝
ա. «Արցախի, Նախիջևանի, Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության» բաժնի ընդլայնում,
բ. ՀՑԹԻ որոշ գիտաշխատողների ներգրավում Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների շրջանում փաստահավաք առաքելության իրականացմանը,
գ. Տեղահանության, բռնությունների, ատելության խոսքի, հայատյացության այլևայլ դրսևորումների վերաբերյալ նյութերի հավաքագրում և արխիվացում,
դ. Արցախում Ադրբեջանի կողմից կատարված ցեղասպանական գործողությունների վերաբերյալ հոդվածների, զեկույցների, զեկուցումների և հայտարարությունների հրապարակայնացում, ցուցադրությունների կազմակերպում,
ե. Իրականացված թիրախային ուսումնասիրությունների տրամադրում համապատասխան ատյաններին, ինչը կարող է հիմք դառնալ ոճրագործության մեղավորներին պատասխանատվության կանչելու և արցախահայության խախտված իրավունքները վերականգնելու ուղղությամբ իրականացվելիք աշխատանքների համար:
Նշված ուղղությամբ աշխատանքներ իրականացնելիս ՀՑԹԻ-ն պատրաստ է համագործակցելու բոլոր շահագրգիռ անհատների, գիտահետազոտական հիմնարկների, ինչպես նաև քաղաքացիական հասարակությունը ներկայացնող կազմակերպությունների հետ։