Home Map E-mail
 
Eng |  Հայ |  Türk |  Рус |  Fr  

Հիմնական էջ
Նորություններ
Առաքելություն
Տնօրենի ուղերձը
Կապ մեզ հետ
Նախօրեին
Հայոց պատմություն
Լուսանկարներ
Մտավորականներ
Հայոց ցեղասպանություն
Ցեղասպանություն
Հայոց ցեղասպանության մասին
Ժամանակագրություն
Լուսանկարներ
100 պատմություններ
Քարտեզագրում
Մշակութային ցեղասպանություն
Հիշի՛ր
Վավերագրեր
Ամերիկյան
Անգլիական
Գերմանական
Ռուսական
Ֆրանսիական
Ավստրիական
Թուրքական

Հետազոտում
Մատենագիտություն
Վերապրողներ
Ականատեսներ
Միսիոներներ
Մամուլ
Մեջբերումներ
Դասախոսություններ
Ճանաչում
Պետություններ
Կազմակերպություններ
Տեղական
Արձագանք
Իրադարձություններ
Պատվիրակություններ
Էլ. թերթ
Հոդվածներ
Գիտաժողովներ
Օգտակար հղումներ
   Թանգարան
Թանգարանի մասին
Այցելություն
Մշտական ցուցադրություն
Ժամանակավոր
Օն լայն  
Շրջիկ ցուցադրություններ  
Հիշատակի բացիկներ  
   Ինստիտուտ
Գործունեությունը
Հրատարակություններ
ՀՑԹԻ հանդեսներ  
Գրադարան
ՀՑԹԻ հավաքածուները
   Հայոց ցեղասպանության հուշահամալիր
Պատմությունը
Հիշողության պուրակ
Հիշատակի օր
 

Armenian General Benevolent Union
All Armenian Fund
Armenian News Agency
armin
armin
armin
armin
armin




Նորություններ

ԿԱՐԵՆ ԵՓՓԵ 140


27.12.2016


VP

Կարեն Եփփեն ծնվել է 1876 թվականին Դանիայի Գիլինգ քաղաքում:

Ինչպես իր ժամանակակիցները, այնպես էլ Եփփեն Օսմանյան կայսրությունում 1894-1896 թվականների հայերի կոտորածների մասին տեղեկանում է եվրոպական մամուլից: Սակայն նրա կյանքում շրջադարձային է դառնում 1902 թվականը. դանիացի գիտնական, մարդասեր Օգե Մեյեր Բենեդիքսենի դասախոսությունը լսելուց հետո Կարեն Եփփեն դառնում է նրա «Հայերի դանիացի բարեկամները» կազմակերպության անդամ և ներկայանում Գերմանիայի արևելյան առաքելության հիմնադիր-նախագահ Յոհաննես Լեփսիուսին՝ նրանց հետ աշխատելու ցանկությամբ:

Եփփեն միսիոներ չէր: Նա և Բենեդիքսենը խորապես համոզված էին, որ Օսմանյան կայսրությունում ապրող հայերին օգնելու ու նրանց զարգացումը խթանելու համար պետք է հարգել հայ ժողովրդի կրոնն ու մշակույթը:

Եփփեն և «Հայերի դանիացի բարեկամներ»կագմակերպության ղեկավարությունը հասկանամ էր նաև, որ գերմանական ու ամերիկյան միսիոներական կազմակերպությունների, ինչպես նաև տեղական իշխանությունների հետ աշխատելու համար անհրաժեշտ է Օսմանյան կայսրությունում հենարան ունենալ:

1903 թվականին, ժամանելով Օսմանյան կայսրության հարավում գտնվող Որֆա քաղաք, 27-ամյա Կարեն Եփփեն դառնում է «Հայերի դանիացի բարեկամներ» կազմակերպության միակ դաշտային աշխատողը: Նա անմիջապես ստանձնում է ավելի քան 300 հայ որբերի համար պատասխանատվությունը Որֆայի գերմանական գաղթակայանում: 1915-ին՝ Հայոց ցեղասպանության օրերին, Եփփեն ջանք չէր խնայում հայերին օգնելու ու իր սեփական տանն ապաստան տալու համար: Օսմանյան ժանդարմները բազմիցս խուզարկեցին նրա տունը, սակայն չգտան ներքնահարկում ու ծաղկանոցում թաքնված հայերին: Հիվանդությունները, սիրված մարդկանց մահվան տեսարաններից ապրած սթրեսը և մշտական վտանգի զգացումը նրան գրեթե հյուծեցին:

«Որքան լավ կլիներ չտեսնել մահվան այդ ճանապարհը, որ ձգվում էր Ուրֆայի պարիսպներից դեպի հեռու-հեռու՝ դեղին, արևից խանձված, անծայրածիր հարթավայրը: Այն լի էր ոչ թե թարմ կանաչ, ստվերաշատ ծառերով, այլ մարդկանց դիակներով՝ քայքայման տարբեր աստիճանում: Ոմանք ընկած էին հենց քաղաքի դարպասների մոտ: Հիվանդներին դուրս էին քշել իրենց մահճից՝ փայտերով ծեծելով, ովքեր կարողացել են մի քանի հարյուր քայլ ևս կատարել»,- գրում է Եփփեն: 1917 թվականին վատ առողջության պատճառով Եփփեն հայրենիք է վերադառնում: Հայերի կոտորածների մասին իր վկայություններով փորձում է աշխարհին տեղյակ պահել կատարվող ոճրի մասին, հոդվածներ է տպագրում և դասախոսություններ կարդում:

1920 թվականին Կարեն Եփփեն մեկնում է Հալեպ, որտեղ շարունակում է իր հայանպաստ գործունեությունը: 1921-ին Եփփեն Ազգերի լիգայի կողմից նշանակվում է առևանգված հայ կանանց ու որբերին փրկելու նպատակով ստեղծված հանձնախմբի լիազոր կոմիսար:

Առաջին երեք ամսվա ընթացքում արդեն հանձնախմբին հաջողվել էր հարյուր հայ կին ու աղջիկ փրկել իսլամական գերությունից: Այս նպատակով Կարեն Եփփեն Հալեպում հիմնում է որոնման կենտրոն: Աստիճանաբար, երբ կանանց ու երեխաների թիվն ավելացավ, կարիք զգացվեց հատուկ ապաստարան ստեղծելու: Իսլամական գերությունից ազատագրվածները ստանում էին անհրաժեշտ բժշկական օգնություն, առանձնահատուկ խնամք, հագուստ, սնունդ, ստուգվում էր նրանց ինքնությունը, իսկ վերջիններիս անվանացանկերը՝ կից լուսանկարներով, ուղարկվում էին թերթերին, եկեղեցիներին և հայկական միություններին՝ հարազատներին գտնելու համար: Իրենց հարազատներին չգտած կանանց համար բացվում են «միայնակների տներ»: Այս «միայնակները» պետք է որդեգրեին որբերի:

Որբահավաք գործունեությամբ զբաղվում էր Կարեն Եփփեի որդեգիրը` Միսաք Մելքոնյանը, իսկ նրանց խնամքով՝ անձամբ՝ Եփփեն: Անապատի մեջ ամենուր այս կարգախոսն էր հնչում` «Մեկ հայ` մեկ կարմիր ոսկի»:

Կարեն Եփփեն ազատագրյալ որբ երեխաների դաստիարակության մեջ կարևորում էր Հայ եկեղեցու դերը և ակտիվ համագործակցությունը եկեղեցու սպասավորների հետ: Եփփեն հավատում էր, որ հայ եկեղեցին իր ծեսերով, արարողություններով կարևոր դեր կարող է խաղալ տարիներով այլազգիների հետ ապրած, բարքերով, ըմբռնումներով և կրոնական հավատալիքներով արմատներից հեռացած-օտարացած հայերի մեջ անցյալի հիշատակն արթնացնելու և իրենց ինքնությանը վերադարձնելու գործում:

Եփփեն արժանացել է Դանիայի «Պատվո լեգեոնի ասպետ» աոաջին կարգի շքանշանի: Որպես Ազգերի լիգայի լիազոր ներկայացուցիչ` հատուկ շքանշանով պարգևատրվել է նաև ֆրանսիական իշխանությունների կողմից՝ Սիրիայում ֆրանսիական մանդատի շրջանում իր կատարած ծառայությունների համար:

Կ. Եփփեն իր մահկանացուն է կնքել 1935թ. հուլիսի 7-ին: Նրա ցանկությամբ իր հուղարկավորությունը կատարվել է Հայ առաքելական եկեղեցու ծիսակարգով: Նա թաղվել է Հալեպի Հայոց ազգային գերեզմանատանը: Կարեն Եփփեի հիմնադրած որբանոցը 1947 թվականին վերածվել է Կարեն Եփփեի անվան ազգային ճեմարանի և գործում է մինչ օրս:




Լուսանկարում հայ որբուկների շարքն է. նրանցից յուրաքանչյուրի ձեռքին իր օրապահիկ հացն է:

«Ռամի մեծ քէմփին մէջ տիրող թշուառութեան դոյզն դարման մ’ըլլալու համար որոշած ենք նոյն քեմփին 400 մանչ եւ աղջիկներու համար ամէնօրեայ կէսօրուան տաք կերակուր տալ»:
Կարեն Եփփեի թվակիր նամակը՝
հասցեագրված Հալեպի առաջնորդ Արտավազդ Սուրմեյանին,
հունվարի 13, 1926 թ.





Լուսանկարում դանիացի հայասեր Կարեն Եփփեի կողմից կազմակերպված հավաքական հարսանիքի տեսարան է միջագետքյան նորակառույց Թինա գյուղում (Սիրիա), որտեղ միաժամանակ պսակադրվեց ութ զույգ: Այս յուրօրինակ հարսանյաց ծեսը կատարել է Մկրտիչ քահանա Մուրադյանը երկու այլ քահանաների հետ: Ձախից երկրորդը Կարեն Եփփեի օգնական Յենի Յենսենն է: Լուսանկարն արված է 1920-ականների վերջին:

«Հարսանի´ք անապատին մէջ...
Օր մը անապատին մէջ ութ զոյգ որբեր պսակուեցան: Անապատէն խլուած մեր հեզաճկուն աղջիկները ճերմակ լաթ նետեցին իրենց գլխուն, հա´րս դարձան. մեր պատանիները փեսայ դարձան արաբական գլխանոցներով (փուշի և ակալ)... Հայկական հարսանիքնուն ամենէ´ն
փառահեղը»:
Սիմոն Սիմոնեան
«Հարսանիք Անապատին մէջ», Հայրենիք օրաթերթ, Պոսթըն, 1958, Յունիս 28-29





Այս լուսանկարում Ազգերի լիգայի կողմից որպես հանձնակատար նշանակված դանիուհի հայասեր Կարեն Եփփեն է Եփրատի վրայով լաստանավով գետանցում կատարելիս: Կարեն Եփփեն հազարավոր կիլոմետրեր անցավ միջագետքյան անապատներով՝ գերության մեջ պահվող հայ կանանց ու երեխաներին ազատագրելու համար: Այս գործում անփոխարինելի դեր կատարեց «Աննան»՝ Եփփեի Ֆորդ մակնիշի մեքենան, որը բազմիցս վթարի ենթարկվեց և վնասվեց այս առաքելության ընթացքում: Հետագայում Կարեն Եփփեն իր առաքելության ընթացքում օգտագործեց մեկ այլ մեքենա, որը ներկայացված է լուսանկարում:

«Ազգերու Դաշնակցութենէն ծրագիր մը եկաւ իրեն. կ´առաջարկուէր ծանր գործ մը. հաւաքել տարագրութեան շրջանին արաբներու մէջ մնացած հայ որբերը: Գործը ծանր էր. ինք ֆիզիկապես տկար. ըսաւ. «Ես այդ գործը չեմ կըրնար ընել»: Բայց ես իրեն պատասխանեցի. «Մայր, դուն ընդունէ, ես այդ գործը պիտի ընեմ, ինչ դժուարութիւն ալ ունենայ, իմ ազգիս զաւակները ազատելու համար»: Միսաք Մելքոնյան
Կարեն Եփփեի որդեգիր զավակ
որբահավաք
անտիպ հուշեր





Կարեն Եփփեն իր սաների հետ




Կարեն Եփփեն իր սաներից մեկի հետ, 1920-ականներ




Լուսանկարը Կարեն Եփփեի ալբոմից, 1920-ականներ




Կարեն Եփփեի մասին երեք կենսագրական գրքույկներ և
նրա գերմաներեն գրված գիրքը մուսուլմանական գերությունից ազատված հայ որբերի ճակատագրի վերաբերյալ




Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միռոցառումների շրջանակում թողարկված նամականիշ, 2014թ.







ՀԵՏԵՎԵ՝Ք ՄԵԶ



ՆՎԻՐԱԲԵՐԻ՛Ր

DonateforAGMI
ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԸ ՎԱՌ ՊԱՀԵԼՈՒ ՀԱՄԱՐ

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ հիմնադրամի կողմից իրականացվող հատուկ նախագծեր

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՎԵՐԱՊՐԱԾՆԵՐԻ ՀՈՒՇԱԴԱՐԱՆ

ՀՈՒՇԱԴԱՐԱՆ
ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՀՈՒՇԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔԱԾՈՒՆ

ՀՑԹԻ-Ի ԱՆՏԻՊ ՅՈՒՇԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐՈՒ ՀԱՒԱՔԱԾՈՆ

ՀՑԹԻ ԳՐԱԽԱՆՈՒԹ

1915
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «գրքերի աշխարհը»

ԱՌՑԱՆՑ ՑՈԻՑԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Temporary exhibition
Ինքնապաշտպանական մարտերը Կիլիկիայում Հայոց ցեղասպանության տարիներին

Նվիրվում Է Մարաշի, Հաճընի, Այնթապի ինքնապաշտպանությունների 100-ամյա տարելիցին

ԼԵՄԿԻՆԻ ԿՐԹԱԹՈՇԱԿ

Lemkin
ՀՑԹԻ ՄԵԿՆԱՐԿՈՒՄ Է
2024 Թ. ՌԱՖԱՅԵԼ ԼԵՄԿԻՆԻ
ԱՆՎԱՆ ԿՐԹԱԹՈՇԱԿԸ

ՀՑԹԻ ԴՊՐՈՑԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ

genedu
«Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում»
կրթական ծրագիր դպրոցականների համար

ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

genedu
ՀՑԹԻ ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳՐԵՐ

ՓՈԽԱՆՑԻ´Ր ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆԴ

100photo
Կիսվի՛ր ընտանիքիդ պատմությամբ, փոխանցի՛ր հիշողությունդ սերունդներին:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն ապրիլի 24-ին ընդառաջ հանդես է գալիս «Փոխանցի՛ր հիշողությունդ» նախաձեռնությամբ:

ՀԵՂԻՆԱԿԱՅԻՆ ԻՐԱՎՈՒՆՔ

DonateforAGMI

«ՀՑԹԻ» հիմնադրամ
ՀՀ, Երևան 0028
Ծիծեռնակաբերդի խճուղի, 8/8
Հեռ.: +374 10 390981
    2007-2021 © Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ     Էլ.հասցե: info@genocide-museum.am