28.07.2017
Պաշտոնական այցով Հայաստան ժամանած Իսրայելի տարածաշրջանային համագործակցության նախարար Ցախի Հանեգբիի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 28-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր: Նրանց ուղեկցում էին ՀՀ արտաքին գործերի փոխնախարար Արմեն Պապիկյանը, Հայաստանում Իսրայելի պատվո հյուպատոս Աշոտ Շահմուրադյանը, Հայաստանում Իսրայելի դեսպան Էլիյահու Յերուշալմին՝ կնոջ հետ, ինչպես նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:
Նախարար Ցախի Հանեգբին ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձանին, պատվիրակության անդամները ծաղիկներ խոնարհեցին Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Սուրբ նահատակների հիշատակը։
Հյուրերը շրջայց կատարեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան 20-րդ դարի մեծագույն ոճրագործությունը փաստող ցուցանմուշներին:
Ցախի Հանեգբին նշեց, որ տպավորված է հուշահամալիրով և թանգարանով, այն կարող է հուզել յուրաքանչյուրին:
Թանգարանում ունեցած շրջայցից հետո նախարարը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում. «Այցելելով այս թանգարան՝ յուրաքանչյուր ոք հանգում է երկու եզրակացության՝ այլևս երբեք թույլ չտալ նման սարսափելի գործողություններ և երբեք չմոռանալ ողբերգությունը, այն մշտապես կենդանի պահել մարդկանց գիտակցության և հիշողության մեջ»,-գրել է իսրայելցի նախարարը: