28.09.2024
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Սրբալույս Մյուռոնի և Մայր Տաճարի վերաօծման արարողությունների առիթով Հայաստան ժամանած Քրիստոնեական Եկեղեցիների և միջեկեղեցական կառույցների պատվիրակություններն ու ներկայացուցիչները սեպտեմբերի 28-ին այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ Մայր Աթոռում պաշտոնավարող եպիսկոպոսների, Հայ Եկեղեցու թեմակալ առաջնորդների ուղեկցությամբ:
Աշխարհի տարբեր երկրներից ժամանած հյուրերին դիմավորեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը: Նա հյուրերին ուղեկցեց դեպի Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ներկայացնելով հուշահամալիրի ստեղծման պատմությունը:
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին ծաղկեպսակ դնելուց հետո, հանդիսապետությամբ Մայր Աթոռի միաբան Գերաշնորհ Տ․ Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի, կատարվեց Հայոց Ցեղասպանության սուրբ նահատակների բարեխոսական կարգ: