28.10.2016
Այսօր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների սրահում տեղի ունեցավ հոկտեմբերի 26-28-ը ընթացող Թանգարանային կրթության կենտրոնի «Թանգարան, կրթություն և ներգրավվում» խորագրով փորձի փոխանակման եռօրյա դասընթաց-վարժանքի հերթական հանդիպումը:
Դասընթացի մասնակիցներին ողջունեց և բացման խոսքով ելույթ ունեցավ Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:
Ելույթներից, փորձի փոխանակումից և քննարկումներից հետո մասնակիցներն այցելեցին Հայոց ցեղասպանության հուշահամալիր, հարգանքի տուրք մատուցեցին անմեղ զոհերի հիշատակին, ապա եղան նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, ծանոթացան ինչպես թանգարանային ցուցադրությանը, այնպես էլ թանգարանային ցուցադրության կազմակերպման աշխատանքներին և մոտեցումներին:
Դասընթացն իրականացվում է Թանգարանային կրթության կենտրոնի, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի, Մանչեսթերի պատկերասրահի, Բրիտանական թանգարանի, Գաֆէսճեան արվեստի կենտրոնի, Թանգարանների աշխատողների և բարեկամների ասոցիացիայի, ԴԻ-ՎԻ-ՎԻ Ինթերնեյշնալի հայաստանյան մասնաճյուղի, ԻԿՕՄ Հայաստանի և Երևանի կոնյակի գործարանի ԱՐԱՐԱՏ թանգարանի, ինչպես նաև ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ:
Դասընթացը կազմակերպվել էր Բրիտանական թանգարանի ամենամյա միջազգային վերապատրաստման ծրագրի շրջանակներում և այդ ծրագրին 2014-2015թթ. մասնակցություն ունեցած մասնագետների՝ Հայկ Մկրտչյանի, Մարինե Մկրտչյանի և Դավիթ Պողոսյանի նախաձեռնությամբ:
Դասընթաց-վարժանքի նպատակն է թանգարանային կրթության ոլորտում ներգրավված մասնագետներին ներկայացնել բրիտանական և գերմանական թանգարաններում ընտանեկան այցելության խրախուսման, երիտասարդներին թանգարան ներգրավելու, մեծահասակների կրթության և տարեց այցելուների հետ աշխատանքի լավագույն փորձի օրինակները, քննարկել հայկական թանգարանների նման փորձառությունը, համատեղ նոր նախագծեր կազմել և զարգացնել։ Դասընթաց-վարժանքը անցկացնելու նպատակով Երևան են ժամանել բնագավառի միջազգային ճանաչում ունեցող մասնագետներ: