29.01.2021
Հունվարի 29-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում տեղի ունեցավ Աուշվից-Բիրկենաու համակենտրոնացման ճամբարի ազատագրման և Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտի տարեդարձին նվիրված
«Հայոց ցեղասպանություն և Հրեից ցեղասպանություն. փոխհարաբերության հարցեր» խորագրով մեթոդաբանական սեմինարը:
Սեմինարին բացման խոսքով հանդես եկավ ՀՑԹԻ տնօրեն Հարություն Մարությանը՝ առանձնահատուկ ընդգծելով հիշատակման օրերի կարևորությունը նմանատիպ հանցագործությունների կանխարգելման գործում:
Ներկաներին ողջունեց և ՀՑԹԻ գիտական գրադարանին
«Նոյյան երկրի հրեաները» վերտառությամբ գիրքը նվիրեց Հայաստանի հրեական համայնքի ղեկավար Ռիմա Վարժապետյան-Ֆելերը:
Միջոցառման ընթացքում հնչեցին երեք զեկուցումներ: ՀՑԹԻ Կրթական ծրագրերի բաժնի գիտաշխատող, հայցորդ
Ռեգինա Գալուստյանը ներկայացրեց Հայոց և Հրեից ցեղասպանությունների իրագործման որոշ գաղափարական ընդհանրություններ: Համեմատականներ տանելով նացիզմի և թուրքիզմի միջև՝ ընդգծվեց մասնավորապես երեք երևույթների՝ ռասիզմի, սոցիալ-դարվինիզմի և եվգենիկայի առկայութունը երկու գաղափարախոսություններում և դրանց կիրառումը Մեծ Եղեռնի և Հոլոքոստի ընթացքում:
ՀՑԹԻ փոխտնօրեն
Էդիտա Գզոյանն իր զեկույցով անդրադարձ կատարեց մարդկության դեմ ուղղված հանցագործությունների կոնցեպտի ձևավորմանը: Նա ներկայացրեց 1915թ. մայիսի 24-ի Ֆրանսիայի, Ռուսաստանի և Մեծ Բրիտանիայի համատեղ հայտարարությունը, որտեղ հայ ժողովրդի նկատմամբ կատարված բռնությունները բնորոշվել էին որպես
«հանցագործություն մարդկության և քաղաքակրթության դեմ», 1919 թ. հունվարի 25-ին Փարիզի հաշտության վեհաժողովի ժամանակ ստեղծված պատերազմական հանցագործությունները քննող միջազգային հանձնաժողովի գործունեությունը, ինչպես նաև Սևրի պայմանագրի համապատասխան հոդվածները՝ կոնցեպտի զարգացումները հասցնելով Նյուրենբերգյան դատավարություններ: Բանախոսն ընդգծեց, որ Հայոց ցեղասպանությունը կարևոր ազդեցություն է ունեցել միջազգային իրավունքի որոշ կոնցեպտների ձևավորման և զարգացման վրա:
ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի գիտաշխատող
Ինեսա Ստեփանյանը ներկայացրեց Հայոց և Հրեից ցեղասպանությունների իրագործման ուժային կառույցներից՝ Թեշքիլաթը-Մահսուսայի և ԷսԷս-ի գործունեությունը՝ համեմատականներ տանելով կիրառված սպանությունների մեթոդների միջև:
Այսպիսով ներկայացված զեկուցումների միջոցով անդրադարձ կատարվեց Հայոց և Հրեից ցեղասպանությունների միջև առկա պատմական, իրավական, գաղափարական և այլ նմանություններին ու տարբերություններին, իրագործման մեխանիզմներին, առաջարկվեցին համեմատական վերլուծություններ:
Ինչպես սեմինարի, այնպես էլ ՀՑԹԻ գործունեության մասին մանրամասն տեղեկություններ կարող եք գտնել
ՀՑԹԻ պաշտոնական ֆեյսբուքյան էջում:
*Երբ 1945 թ. հունվարի 27-ին խորհրդային զորքերն ազատագրեցին Աուշվիցի ճամբարը, Աուշվից I-ում մնացել էր 1200, Աուշվից II-Բիրկենաուում՝ 58 հազար, իսկ Աուշվից III-Մոնովիցում՝ 600 բանտարկյալ: Ազատագրումից օրեր առաջ, խորհրդային զորքերի առաջխաղացմանը զուգահեռ, ԷսԷս-ն էվակուացրեց Աուշվիցի ճամբարային համալիրը և ենթաճամբարները՝ ստիպելով շուրջ 58 հազար բանտարկյալներին ձյան միջով քայլել արևմուտք՝ դեպի Գերմանիայի համակենտրոնացման ճամբարներ: Աուշվիցի ճամբարներ արտաքսված 1,3-ից մինչև 1,5 միլիոն մարդկանցից ԷսԷս-ն սպանեց առնվազն 1,1 միլիոնին: Շուրջ 200 հազար բանտարկյալներ վերապրեցին Աուշվիցը որպես հարկադիր աշխատավորներ, սակայն նրանց ավելի քան կեսը չվերապրեց պատերազմը՝ հետագայում մահանաով այլ վայրերում: Աուշվից-Բիրկենաուն մեկն էր հինգ մահվան կենտրոններից, որոնք գերմանական ԷսԷս-ը և ոստիկանությունն ստեղծել էին Գերմանիայի կողմից օկուպացված Լեհաստանի տարածքում:
ՀՑԹԻ արտաքին կապերի և լրատվության բաժին