29.02.2024
Փետրվարի 28-ին` Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերի զոհերի հիշատակի և բռնագաղթված հայ բնակչության իրավունքների պաշտպանության օրը, Ծիծեռնակաբերդի բարձունքում ՀՀ ԱԺ պատգամավորներ, հասարակական գործիչներ, գիտնականներ, սումգայիթյան ջարդերի ականատեսներ ու պարզապես քաղաքացիներ իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Ադրբեջանական ԽՍՀ-ում կազմակերպված ջարդերին զոհ գնացած հայերի հիշատակին: Նրանք ծաղիկներ դրեցին ադրբեջանական կառավարության կազմակերպած Սումգայիթի, Կիրովաբադի (Գանձակ), Բաքվի կոտորածների զոհերի հիշատակին կանգնեցված խաչքարերի մոտ:
Ծաղիկների խոնարհման արարողությունից հետո Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի գիտաժողովների դահլիճում կայացավ գիտագործնական հանդիպում-քննարկում: Ներկաներին ողջույնի խոսքով դիմեց ՀՑԹԻ տնօրեն, պ.գ.թ. Էդիտա Գզոյանը, նշելով, որ ադրբեջանական իշխանությունների նախաձեռնությամբ և թողտվությամբ հայերի դեմ իրականացված ոճրագործությունները, Ադրբեջանի պետական հայատյաց քաղաքականության հերթական հետևանքն էիր: Նույն քաղաքականությանն ականատես եղանք նաև մեր օրերում՝ Արցախի շրջափակումից մինչև հայաթափում: Գիտագործնական հանդիպումը վարում էր ՀՑԹԻ Արցախի, Նախիջևանի և Ադրբեջանի հայության բռնաճնշումների ուսումնասիրության բաժնի վարիչ, պատմ. գիտ. դոկտոր Հարություն Մարությանը: ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պ.գ.թ. Արսեն Հակոբյանը փաստերով հիմնավորեց ադրբեջանական կողմի տարածած այսպես կոչված Կապանի դեպքերի հակագիտական և սնանկ լինելը: Հարություն Մարությանն անդրադարձավ սումգայիթյան ջարդերի՝ հայոց պատմական և կոլեկտիվ հիշողության մեջ ունեցած դերին` նշելով, որ սումգայիթյան ոճրագործությունները ժողովրդի մեջ ընկալվում էին դեռևս Օսմանյան կայսրության ժամանակներից սկսած ցեղասպանության շարունակություն: ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի առաջատար գիտաշխատող, պ.գ.թ. Հրանուշ Խառատյանն էլ ընդգծեց, որ զոհ և զոհաբերություն եզրույթները սահմանելու անհրաժեշտությունը, քանի որ, ըստ նրա, զոհերը միայն սպանվածներ չեն, այլ նրանք, որոնք կորցրել են իրենց հայրենիքը, հարազատին, դարձել են հաշմանդամ: Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի գիտության գծով պրոռեկտոր, տնտեսագիտության դոկտոր Թաթուլ Մկրտչյանը ներկայացրեց 1988-1992 թթ. Ադրբեջանից Հայաստան բռնի տեղահանված հայերի ունեցած տնտեսական կորուստները: Նրա ելույթին հաջորդեց «Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումար» ՀԿ համակարգող, կենսաբ. գիտ. թեկն. Մարիամ Ավագյանը, ով նշեց, որ 1988 թ. սումգայիթյան ջարդերը, չստանալով համապատասխան քաղաքական և իրավական գնահատական, հանգեցրեցին Կիրովաբադի, Բաքվի, Մարաղայի հայկական կոտորածներին: Վերջում ելույթով հանդես եկավ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վիլեն Գաբրիելյանը, որը ներկայացրեց «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության իրականացրած աշխատանքները` հավելելով, որ շուտով կգործարկվի www.armrefugees.am կայքը, որը ստեղծվել է 1988-1992 թթ․ բռնի տեղահանված և Հայաստանում կամ արտերկրում ապաստանած մեր հայրենակիցների համահավաք ցուցակ կազմելու և քարտեզագրելու համար: