29.04.2020
1915 թվական, հունվար ամիս… Թուրքերը լցվում են մեր
Ձիթողցոց գյուղը, գյուղը դատարկում՝ հիվանդանոց սարքելու պատրվակով: Տատիկս ու իր մայրը տիֆով հիվանդ են լինում. բոլորին լցնում են արաբեքն ու տանում մեկ այլ՝ հայերով ու թուրքերով բնակեցված
Դինարքոմ անունով գյուղը: Մենք լավացանք, բայց եղբորս կինը հիվանդացավ, և հիվանդությունը յոթ օր տևեց ու նա մահացավ ապրիլ ամսին: Մեզ նորից հետ են բերում մեր գյուղը, որն արդեն ավերված էր, ամեն ինչ՝ ջարդուփշուր արված: Հայրս, որն այն ժամանակ արդեն 70 տարեկան էր, մի փոքր նորոգեց, սարքեց: Ամբարում մի քիչ ալյուր էր մնացել, մաման այդ ալյուրը հանեց, շաղախեց, որ հաց եփենք: Մերս թոնիրը վառեց, խմորը գնդեց, որ հաց թխենք, մեկ էլ դուռը ծեծեցին, բաց արինք. ի՜նչ տեսնենք, թուրք
չեթեները ՝ ձիավորներ, յափունջեքը վրեքը, քոլոզները գլխներին, լցվեցին ներս՝ բղավելով. «Շուտ արե՛ք, գնացե՛ք»: Թունդիրը վառած, խմորը գնդած թողել, դուրս ենք եկել: Հանեցին տնից, ողջ գյուղը դատարկեցին, քշեցին:
Արմենակ Տեր-Ստեփանյան և Արմենուհի Դավթյան
Վայրը՝ կա՛մ Բաղդադում,
կա՛մ Ուրյուպինսկ, Ռուսաստան
Գյուղից դուրս մարագներ կային, մենք էդ գիշեր մնացինք էդ մարագներում: Տունը ոնց կար, էդպես մնաց, տավարը գոմերի մեջ մնացին, իսկ մեզ դուրս հանեցին: Չեթեներն արդեն գյուղի մեջն էին, ողջ գիշեր ալան-թալան արեցին ժողովրդին: Մեր ազգականներից մեկը մտավ մարագը, հետևից հասել, խփել, գցել ու սպանել էին: Լույսը նոր բացվել էր, ժողովրդին «քշե-քշե» անելով, ինչքան գյուղ կար, մարդկանց հավաքել էին դաշտերում, որ քշեին: Գոռոց-ճվոց և լաց ու կոց, բոլորը խառնվել էին, կորցրել էին իրենց բարեկամներին:
Զատիկից 40 օր անց տեղահանության ենթարկվեցինք, այդ նույն օրը անձրևը հեղեղի նման գլխներիս էր թափվում, մի կերպ մեր ընտանիքով փախանք Էրզրում: Մենք փախանք քաղաք, իսկ մայրս, չորս քույրերս, նրանց երեխաները կորան (մինչև oրս կորած են): Անցավ 10-15 օր, նոր սկսեցին քաղաքի ժողովրդին տեղահանել:
Սկզբում տեղահանեցին հարուստներին, երեք օր տվեցին, որ պատրաստվեն: Հարուստները ինչ-որ կարողացան տարան սելերով: Դա առաջին
քափն էր: Երկրորդ
քափն առևտրականներն էին, երրորդը միջակները, մենք էլ ընկանք դրանց մեջ:
Դուրս եկանք քաղաքից, էդ գիշեր մնացինք
Իլիջա գյուղում (քաղաքին մոտիկ գյուղ), մենք չգիտեինք որտեղ պիտի տանեին մեզ: Էդտեղ էլ հանքային ջուր կար: Գնացինք, մտանք, լողացանք, հետո թե ուր քշեցին, ուր տարան, մենք էլ չգիտենք ուր են տանում մեզ: Հասանք
Պայբուրդ [Բայբուրթ] քաղաք, հետո հասանք
Մամախաթուն: Սարերի վրայից չեթեները ժողովրդի վրա կրակում էին: Մեզ տանող թուրքերը կանգնեցրին մեզ, ասացին որ փող հավաքենք, տանք, որ մեզ չսպանեն: Ապա հասանք
Երզնկա: Նորից մեզ կանգնեցրին. 20 տարեկանից մինչև 50 մարդկանց մի կողմի վրա հավաքեցին (800 հոգի մենակ մեր
քամփից էր), տարան,
Եփրատի ափին 10-10 հոգի կապեցին թևերը իրար, գցեցին Եփրատը: Էրզրումցիք, որ վեշերը բարձած տանում էին, էլ չկարողացան, որովհետև էլ ճանապարհ չկա, ստիպված թողեցին ճամփին: Մեկ էլ տեսնենք, քուրդ կանայք եկան, էդ իրերն ամբողջը թալանեցին, տարան. ինչ ասես, որ չկար: Դրանից հետո հասանք քար-քռերի՝ ճանապարհ չկար: Մեզնից առաջ քշել էին գյուղացիներին, մենք էլ նրանց ճանապարհով էինք գնում, և ի՛նչ տեսանք. չորս կողմը՝ դիակներ: Ժողովուրդը շատ-շատ էր: Չեմ հիշում՝ ո՛ր քաղաքի մոտն էր, բայց կեսին քշեցին
Դեր-Զորի կողմը, մյուս կեսն էլ՝
Արաբստան:
Հա քշելով, կոտորելով, սպանելով, հա քշում էին, ով չէր կարող էլ առաջ շարժվել, խփում, սպանում էին: Նորից կանգնեցրին ժողովրդին: Չեթեների հետ երկու ուղտ կար, վրան ինչ էին տանում, չգիտեինք: Երկու մեծ խալի բերեցին, փռեցին էդ ամայի տեղը (մենք էլ չգիտեինք ինչու էին փռում): Մեկ-մեկ ամբողջ ժողովրդին ստուգեցին, վրաներն ինչ-որ կար՝ արծաթ, ոսկեղեն, քամար, այդ բոլորը լցրեցին այդ խալիների վրա: Այդ բոլորը, ինչ-որ հավաքեցին, թալանեցին, լցրին խուրջինները, բարձեցին
դավեքի վրա, խալիներն էլ գցեցին վրաներն ու տարան:
Արմենուհին և Արմենակը իրենց տանը՝
Նորքում, 1983-1984 թթ․
Հետո սկսեցին աղջիկ փախցնել, հարս փախցնել; Տանում էին, մեկը մյուսին ծախում էին փողով:
Տիգրանակերտն անցանք,
Խարբերդն անցանք, հասանք
Մերդին (Մարդին) (արդեն ևս մնացել է...)...
Փախրմադան (թուրքի քաղաք) ախպորս երկու աղջիկներին՝ մեկը յոթ տարեկան, մեկը ինը տարեկան, թուրքերը տարան: Մենք շարունակեցինք ճամփան: Մնացինք ես, հայրս, եղբորս տղան՝ տասնմեկ տարեկան: Հասանք
Մերդին (Մարդին): Քանի որ արաբները փախցնում էին, հայրս մազերս կտրեց, որ չփախցնեն, և ես տղայի շորեր հագա: Եղբորս տղային էլ արաբները տարան, քրոջս աղջկան, մեկ էլ հարսին մի քուրդ տարավ:
Շարունակեցինք ճամփան, շատ գնացինք, քիչ գնացինք, հասանք
Ճիզիրա. քուրդի քաղաք է: Նորից կանգնեցրին ճամփին: Մնացած տղամարդկանց նորից հավաքեցին մի կողմի վրա, ես նորից աղջկա շորեր հագա, որ ինձ էլ չտանեն: Ոչխարի պես նստացրին սարի դոշին՝ չորս կողմը չեթեները կանգնած, «Մեկ-երկու-երեք»՝ ասեցին ու կրակ բացեցին: Քուրդ կանայք էլ քարերով էին սպանում: Մեզ քշեցին՝ երեխաներին ու կանաց: Մեզ քշեցին մի անապատ տեղ, որ խփեն: Մի ծեր թուրք ձիավոր, ասաց՝ «Ինչու՞ եք խփում, արդեն մեռած են, թող գնան, ամեն մեկը մի սարի վրա մեռնեն»:
Հասանք
Զախո՝ արաբական քաղաք: Մուսուլից մի հայ բժիշկ և երկու արաբ եկան դիմավորելու, որ էլ սպանություն չլինի: Մի երկու-երեք օր սարերով գնացինք, հասանք
Մոսուլ (Մուսուլ) : Հազարից մեկն էր ողջ մնացել: Երկու օր հաց տվեցին, ոչխար մորթեցին, դրանից հետո էլ ասեցին՝ գնացե՛ք, ձեզ համար տուն վարձե՛ք, ապրե՛ք:
Անվար
(Էնվեր) ու Խալիլ
(Հալիլ) փաշաները հետևներիցս էին գալիս: Էդտեղ ծառայություն էինք անում: Անվար
(Էնվեր) փաշան պիտի գար, Մոսուլով
(Մուսուլով) անցներ, ասել էր, որ
մի հատ հայ չտեսնեմ:
Արաբները մեզի ասացին, որ մեկ շաբաթ դուրս չգանք, որ նա չտեսնի:
Երգ.
Էրզրում դան, չգտըմ բաշըմ սալամաթ
Զյամաղա վարընջա կոպտի խեամաթ
Անվար փաշա օլմիշ էրմանի փաշի
Անաալր աղլիոր,
Չոջուխում դեի,
Ագյալնլար աղլիոր, ղոջամլա դեի,
Կզլար աղլիոր, նամուսում դեի:
[Թարգմանություն՝
Էրզրումից դուրս եկանք գլուխներս խաղաղ,
Քյամաղ հասանք՝ զուլումը սկսեց:
Ծնողները լաց էին լինում որդիների համար,
Հարսները լաց էին լինում իրենց ամուսինների համար,
Աղջիկները լաց էին լինում իրենց նամուսի համար:]
Եկավ, անցավ Անվարը, գնաց Բաղդադ, Խալիլ փաշան մնաց Մոսուլ, բայց էլ բան չասավ հայերուն:
Ազնիվը՝ քույրս, քրոջս տղան՝ Խորենը, Տիգրանուհին՝ աղջիկը, Վարդանուշը՝ աղջիկը, տալը՝ Աստղիկը, Երվանդը՝ տեգրը և ես ու իմ հորեղբոր տղան՝ Աթամը: Այսքանս ազատվել էինք:
Արմենուհու արած ձեռագործը,
որը նվիրել է թոռնուհուն՝ Անահիտին
Թեյի գդալները՝ բերված Ռուսաստանից,
որտեղ մի քանի տարի ապրել էին Իրաքից վերադառնալուց հետո
Քույրս լվացք էր անում՝ օրվա հացի փող հանում: Կամ գնում էր և թուրք զինվորների համար շորեր կարում, և դրա համար նրան տալիս էին մեկ
սոմին՝ մեկ բոքոն:
Ինը ընտանիք աքսոր բերին Մոսուլ
(Մուսուլ) , հինգը անգլիացի էին, չորսը՝ հայեր: Մտանք էդ հայերու մոտ, ծառայություն էինք անում: Մի կերպ ապրում էինք: Հետո իրենց օրը
թամմավ [թուրք. լրացավ], և թուրքերը նորից հետ ուղարկեցին Բաղդադ: Էդ կինը ուզում էր ինձ իր հետ տանել Բաղդադ, բայց քույրս չթողեց: Հետո էդ կինը՝ Մելինեն, ինձ ուղարկեց մի ուրիշ կնոջ մոտ: Այդ կինը իտալացի էր, իսկ ամուսինը
ջհուդ էր: Մնացինք նրա մոտ: Երեք երեխա ուներ: Մենք երեքովս՝ Խորենը, Աստղիկը, ես, նրա երեխաներին պահում էինք, բայց ոչ թե ծառա էինք, այլ իրենց երեխաների պես մեզ պահում էին: Էդ մարդը մեծ ճաշարան ուներ, թուրքերը փակեցին էդ ճաշարանը, չթողեցին, որ աշխատի, որովհետև նա
ջհուդ էր: Իր տանն էլ
ղալմաղալ ընկավ դրանից հետո, մարդ ու կնիկ հա՛ կռվում էին, կռվից հետո կնիկը տնից փախավ, մարդը հասավ մեր վրա, թե՝ ինչո՛ւ եք դուռը բաց թողել, որ փախնի: Հարձակվեց Խորենի վրա վրա, ուզում էր խփեր Խորենին, ես լաց եղա, գիշերվա երկուսն էր: Ես 13 տարեկան էի: Կողքի տանը թուրք օֆիցեր էր մնում, ինքը, որ իմ ձայնը լսեց, կտուրից թե բա՝. «Անտեր երեխա՞ ես գտել»,- գոռաց նրա վրա:
Մենք առավոտը գնացինք մեր հոթելը: Դրանից հետո ես ամուսնացա: Ինքն էրզրումցի էր՝ Վաղարշակ անունով: Իրեն արաբները տարան բանակ: Ջուր խմելու կերթա, արաբները կսպանեն: Դրանից հետո անգլիացին եկավ Մոսուլ
(Մուսուլ) : Հայերին հավաքեց, գործ տվեց: Պահեստներ բացեցին ցորենի, գնում, աշխատում էինք ու ամեն օր մեկ
դաբո ցորեն էինք բերում՝ կարգին ապրանք: Հետո անգլիացին հավաքեց, տարավ
Բաղդադ: Բաղդադի մոտ մի անապատ կար,
Բաքոբա: Ոնց որ մեծ քաղաք լիներ,
չադրներ խփած, սպիտակ, այստեղ Վանից եկած փախստականներն էին:
Մինչև 1924 թիվը անգլիացիները պահեցին մեզ մթերքով, շորով:
Իմ հարսանիքը արեցինք 1919 թվին: Անգլիացին ամեն ինչով օգնեց: Սպիտակ շոր էի հագել... Մի փոթորիկ, մի քամի էր էդ օրը: Դրանից հետո եղբորս գտանք: Նամակ էր ուղարկել Ռուսաստանից, ինչի՞ եք այդտեղ մնացել, եկե՛ք Ռուսաստան:
1919 թվին մի օր նստել, ճաշ էինք ուտում, արաբները ու Վանա քրդերը բարձրացել էին խուրմի ծառերի վրա ու կրակում էին մեզ վրա: Հետո իջան ծառերից ու հարձակվեցին մեզ վրա: Անգլիացիները և երիտասարդները զենք վերցրին ու նորից քշեցին ետ: Դրանից հետո անգլիացիները ինքնաթիռներ բերեցին
բամբիտ արեցին [ռուս. ռմբակոծեցին] արաբներին: Որբանոցի տղաները գնացին, խուլմի [խուրմի] ծառներու միջից
մեշոկներով [ռուս. պարկերով] նուռ բերեցին: Հետո որբանոցը տարան Եգիպտոս, մնացած ժողովուդն էլ ցիրուցան եղավ:
Մոսուլից (Մուսուլ) Բաղդադ, որ բերում էին անգլիացիները
Մեզ ասացին անգլիացիները՝ «Պատրաստվե՛ք, որ վաղը գնում ենք Բաղդադ»:
Քյալագները՝ լաստանավերը, պատրաստ էին, (քյալագ՝ 200 ոչխարի տիկ, տիկերի վրա կապում են գերաններ, գերանի վրա
ղամուշ (ղամիշ) (թուրք. եղեգ) են գցում):
Հարյուրչորս հոգի նստեցինք, շատ էինք, քիչ էր մնում խորտակվեր, նորից դուրս եկանք և էդ գիշեր մնացինք
Տիգրիսի ափին: Հետո մյուս օրը ուրիշ
քյալագ բերին նրա կողքին, էն մեկն էլ նորոգեցին, երկու եղավ, նոր ժողովուրդը հանգիստ նստեց: Ութ հոգի արաբներ էին քշողները: Մի հատ փոքր
սամովառ [ռուս. ինքնաեռ] ունեինք, ածուխ էինք վառում
քյալագի վրա, ճաշ-բան չունեինք: Հետո հասանք [անընթեռնելի] քաղաքը: Հնդիկ զինվորներ էին մնում այդ քաղաքում: Մեկ էլ տեսանք ջրի մեջ մի հատ մարդու գլուխ, ելնում, իջնում էր: Արաբներից երկուսը իրենց գցեցին ջուրը, գնացին, ազատեն էդ զինվորին, բերին մեզ մոտ, պառկացրին,
չայ տվինք՝ խմեց, մի քիչ խելքը գլուխը եկավ: Վախենում էր, թե կպատժեն:
Քյալագը քաշեցին
ղրաղ, էդ արաբները տարան, հանձնեցին իրենց մեծին: Նրանք շնորհակալ էին եղել, փող էին տվել արաբներին:
Ժողովուրդը վատ էր զգում,
ուբոռնի [ռուս. զուգարան] չկար: Ես արաբերեն գիտեի ու ասեցի՝
«Յաբա-յաբա, դո՛ւրս քաշեք քյալագները, մարդիկ որ դուրս գան»: Դուրս քաշին, ժողովուրդը հանգստացավ ու քամի սկսվեց, այնպես ուժեղ էր, որ տիկերի մի քանիսը քշեց-տարավ:
Վեշերը [ռուս. ապրանքը] դատարկեցինք, ժամը չորսն էր: Մինչև սարքեցին, իրիկվա ութը եղավ: Քամին կամաց-կամաց կտրվում էր: Ափի կողքերը լիքը չորացած
ղամուշ (ղամիշ) (թուրք. եղեգ) կար, մեր հայ տղաները վառեցին և պաժառ [ռուս. հրդեհ] ընկավ, և այդ արաբները ասացին.
«Շուտ նստե՛ք, շարժվենք, թե չէ արաբները մեզ կկոտորեն»: Նստեցինք ու՝ հա՛յդե, արաբները շուտ-շուտ քշում էին: Մեկ ժամ անցել էինք, դեռ կրակը երևում էր: Մի պուճուր սար կար, այստեղ ջուրը ֆռռում էր, տակը հոր էր, այդտեղից կամաց անցանք, արդեն էլ վտանգավոր չէր, մոտ էր, ջուրը խաղաղ էր,
պաժառն էլ չէր երևում: Արաբները մի կողմից քշում էին և երգում: Ու առավոտ շուտ հասանք
Բաղդադ: 1917-1918 թթ. էր:
1919-20 թթ.
Արմենուհու և Արմենակի ավագ որդին՝
Բաբկենը, զոհվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ
Լեհաստանում Թաղված է այնտեղ՝
եղբայրական գերեզմանններից մեկում
Բաքուբայից գնացինք
Նարհումար, Բաղդադ ու Բասրա, մոտիկ, էլի անապատ տեղ:
Նարհումարում հողամաս տվեցին ու մենք այդտեղ էինք ապրում: Տղամարդիկ աշխատում էին Բասրայում:
Այդտեղից էլ նորից գնացինք Բաղդադ, մի օր մնացինք, հետո մեքենա վերցրինք ու գնացինք
Պարսկաստան: Պարսկաստանից էլ Ռուսաստան՝ Կրասնոդար: 1930 թվին եկանք Երևան:
1924 թ. վերադարձանք Բաղդադ, գնացինք խանումի՝ Մելինեի, տունը գտանք: Ես էի, պապիկը և Խորենը: Էդ գիշեր մնացել էինք իրենց տանը:
Որ թուրքը չխանգարեր, լավ էինք ապրում: Որտեղ որ ես ծնվել եմ, այդ տունը հայրս ծախեց 1907թ.: Եղբայրս փախավ Ռուսաստան, որ թուրքերը բանակ չտանեն: Հայրս ինչ կար-չկար՝ արտ, տավար թողեց, ու մենք գնացինք քաղաք՝ Էրզրում: 1908 թ. քաղաքում եղավ
հիրյաթ (հուրիաթ) , դա նշանակում էր, որ հայերն ու թուրքերը իրար ախպեր դառան: Գյուղացի մարդու համար քաղաքում ապրելը դժվար էր ու 1914 թ. նորից վերադարձանք մեր գյուղ՝
Ձիթողցոց:
Նորից նոր տուն շինեցինք՝ ամեն հարմարությունով: Տավար շատ ունեինք, երկու զույգ լծկան եզ, հինգ կով, մի հատ մատակ, գոմեշ, մի 20 գլուխ տավար: Դրանով էինք ապրում, ամեն ինչ տնից էր, արտ ունեինք ցանած, քաղում էինք: Վեց ամիս ժողովուրդը կալ էր անում, ցորեն էին ծեծում, մաղում, ալյուր սարքում, ձմեռվա էինք պատրաստվում, կորկոտ, բլղուր, էրիշտա, փոխինձ, սաղ էդ ցորենից էինք անում: Էդ ժամանակ քաղաքից գալիս էին գյուղ մի երեք հոգով և հետևում էին, որ ցորենը ճիշտ չափեն՝ երկուսը տիրոջը, մեկն իրենց: Գալիս էր աշունքը մարդիկ էին գալիս ցաները: Ողջ ձմեռ քեֆ-ուրախություն էր:
Գալիս էր աղջիկ նշանելը:
Մինչև Բարեկենդանը հարսանիք էին անում: Մի օր առաջ հավաքվում էին աղջկա ընկերուհիները: Հինան շաղախում էինք, մի կտոր շաքար և արաղ դնում թնդիր [թոնիր]: Փեսայի մի ճկույթին էին հինա դնում, աղջկանը` երկու ձեռքերը: Հինան, որ թնդրից հանում էին, անուշ հոտ էր ընկնում:
Հարսին տանելուն գալիս էին ժամը չորսին առավոտյան ու տանում էին եկեղեցի: Բասմեքը [չորացած թրիք] զարկում էին փեշերու ծերին, կրակը վառում էին, որ լույս լինի, յոթ սինի [սկուտեղ] միրգ, թունդիրի գաթա, ուրիշ՝ փախլավա, խուրմա, չիր-չամիչ, պոպոք և այլն, զուռնա-դհոլ նվագելով՝ գնում էին: Երկու հատ հավ գողանում էր փեսու ընկերը: Եկեղեցուց տանում էին տղի տունը, ու նորից դհոլ-զուռնայով գալիս էին աղջկա տունը, որ խնամի տանեն: Անցնում է յոթ-ութ օր, նորից աղջկա օժիտն են տանում: Ինչքան բարեկամ ունի աղջիկը, բոլորին նվեր են առնում: Հետո երեք սել օժիտ են տանում: Երեխան, որ ծնվում է, ութ օր հետո, քավորին կանչում են, իրանց բարեկամներով գնում են եկեղեցի՝ երեխային կնքելու: Մի հարսանիք էլ էդ էր:
Մենք մեծ թոնրատուն ունեինք
Մենք մեծ թոնրատուն ունեինք՝ երեք հատ. մեկը մեծ էր՝ հացի համար, երկուսը՝ ամենօրվա, վառում, ճաշ էինք եփում, իսկ երբ մարդ գալիս էր, կոֆե, ճաշ էինք տաքացնում: Աշունքը քաղաքից շաղգամ էին բերում՝ մեկ սել: Աղջիկներն իրիկվա կողմ հավաքվում էին շաղգամ կճպելու համար: Դրանից հետո թթու էինք դնում: Իսկ ջահել տղաները բարձրանում էին հերդիկ, հերդկի անցքից գոտիները իջացնում էին և աղջիկները շաղգամ էին կապում:
Արմենուհի Դավթյանը և ամուսինը՝
Արմենակ Տեր-Ստեփանյանն իրենց կրտսեր որդու՝
Լևոնի և նրա դուստրերի հետ
Նորից գնում էին մի սել
քյալամ [թուրք. կաղամբ] էին բերում: Հայրս ասում էր՝ քեռիները կգան («քեռի» ասում էինք ռուսներին, որ թուրքերը չիմանան, որ ռուս են),
քյալամ շատ են սիրում:
Մեր տանը սեղան չկար, ոնց որ հիմա, այլ՝
խոնչա էր: Մենք ունեինք երկու խոնչա, մեկը գրտնակ անելու էր, մյուսը՝ ղոնաղի [թուրք. հյուր] համար: Տասը-տասնհինգ հոգի նստում էր: Խսիրները
պոլին [ռուս. հատակին] գցում էինք, էն ժամանակ
պոլ չկար, վրայից փռում էինք կարպետ, կողքերը շարում էինք փոքր բարձեր, հետո ժողովուրդը նստում էր ճաշի:
Դաստախոնը (սեղանի սփռոց) փռում էին կարպետի վրա, հետո
խոնչեն դնում էին վրան, հետո դաստախոնի մնացած մասը քաշում ծնկներին, որ հացի փշուր չթափվի: Հետո, որ շատ ժողովուրդ էր լինում, երկու
խոնչա էին դնում: Ճաշում էին, ճաշից հետո միշտ փախլավա էին դնում՝ մի մեծ սինի: Վերջում տանտերը պանիրով բրդուճ էր անում, հյուրասիրում մարդկանց: Հետո մեծահասակներին կոֆե էին տալիս, ջահելներին՝ ոչ: Տղամարդիկ արաղ էին խմում, իսկ կանայք՝ վիսկի, սինու մեջ շարում էին
րյումկեքը [փոքր բաժակ] և լցնում կարմիր, կանաչ, կապույտ գույնի վիսկի և հերթով բաժանում: Որ վիսկի չէր լինում, տալիս էին բալի
սիրոպ [ռուս. օշարակ]:
Սիրոպը լցնում էին, հետը՝ ջուր, բայց չէին խառնում, հետո ով ուզում էր, խառնում էր:
Բաղնիք
Բաղնիք գնացողները պատրաստում էին իրենց
եղակները (մեծ ամաններ).մեջ-մեջ դնում են երկու հատ թասիկ, հետո՝ մի փոքրիկ արծաթե
թաքմաջա՝ խութի, դրա մեջ դնում են օճառ, կրծկալ, մի զույգ հողաթափ, սանր, փակում և տանում էին բաղնիք: Ֆայտոնը գալիս էր դռան առաջ առավոտվա 12-ին, և ֆայտոնով գնում էին: Առավոտ շուտ տղամարդիկ էին գնում, 12-ին՝ կանայք:
Մի օր մայրս փոխինձ սարքեց, դրեց ամբարի գլուխը. էդ գիշեր Սուրբ Սարգիսը պիտի գար, Ուռումի աղջկանը փախցներ: Ախպերս իմանում է, որ փոխինձն էնտեղ է դրած, մի հատ ձիու նալ է ճարում, տանում զարկում է փոխինձի վրա: Առավոտը մայրս գնում է, որ փոխինձը բերի, տեսնում է, որ նալի տեղ կա վրան, ուրախանում է, ասում, որ Սուրբ Սարգիսը եկել է, Ուռումի աղջկան փախցրել է: Հետո եղբայրս ասում է, որ ինքն է արել:
Հրապարակված նյութերի համար կայքէջը պատասխանատվություն չի կրում: Իրենց ընտանիքների պատմությունը պատմում, շարադրում կամ եղած նյութը փոխանցում են Հայոց ցեղասպանությունը վերապրածների ժառանգները: