29.05.2015
Ս. թ. մայիսի 27-29-ը Հայաստանն առաջին անգամ մասնակցում է Նյու Յորքում կայանալիք գրքի միջազգային ցուցահանդեսին` «Բուքէքսպո Ամերիկային», որը հյուսիսամերիկյան մայրցամաքի խոշորագույն ցուցահանդեսն է:
Ցուցահանդեսին մասնակցում է նաև Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն իր վերջին հինգ տարիների հրատարակություններով: Դրանք նյույորքյան ցուցահանդեսի ժամանակ ընթերցասերներին են ներկայացնում նախորդ դարում կատարված ոճրագործության պատմությունը:
ՀՑԹԻ հրատարակությունները «Բուքէքսպո Ամերիկա»-յում ներկայացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը:
«Ամերիկյան գրքի ցուցահանդեսը կարևոր հարթակ է, որտեղ ներկայացված են նշանավոր հրատարակչատներ: ՀՑԹԻ համար սա կարևորագույն մի հարթակ է ոչ միայն ներկայացնելու համար մեր վերջին տարիների հրատարակությունները, այլ նաև կապեր հաստատելու առումով:
Օրինակ արդեն պայմանավորվածություն ենք ձեռք բերել, որ հայտնի հրատարակչությունները, ինչպիսիք օրինակ, Princeton University Press, McGill, Yale University Press, Harvard University Press, Հայոց ցեղասպանության թեմային վերաբերվող իրենց նոր հրատարակությունները կուղարկեն, իսկ մենք այդ գրքերի գրախոսականները կներկայացնենք մեր անգլալեզու International Journal of Armenian Genocide Studies ամսագրում»,-նշում է Սուրեն Մանուկյանը:
Այս տարի Հայաստանը մասնակցում է գրքի միջազգային ցուցահանդեսներին Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի և ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ
https://www.youtube.com/watch?v=oncPGl1IOCc