29.05.2015
Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտը Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ յուրաքանչյուր ամիս կհայտարարի «Ամսվա գիրք»: Գրքերը պատահական չեն ընտրվում. «Ամսվա գիրք» կնտրվեն Հայոց ցեղասպանության թեմայով կարևոր հուշագրություններ, բացառիկ վկայություններ և մեծ հետաքրքրություն առաջացրած այլ հրատարակություններ: Այս նախագծի նպատակն է ընթերցող լայն հանրությանը ծանոթացնել հազվագյուտ և տակավին անհայտ գործերին՝ թեմայի վերաբերյալ իրազեկելու և խորքային գիտելիքներ հաղորդելու համար:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն մայիս ամսվա գիրք է ճանաչում Հարություն Ալբոյաջյանի (1904-1994թթ.) «Խաչելության ճամփաներով» հուշագրությունը: Հուշագրությունը գրի է առել Հայոց ցեղասպանությունը վերապրած Հարություն Ալբոյաջյանի դուստրը՝ Անժելա Ալբոյաջյանը:
Գիրքը Լեռնային Կիլիկիայի Ֆընտըճագ գյուղում ծնված Հարություն Ալբոյաջյանի հուշագրությունն է, ով ճակատագրի բերումով վերապրել է 20-րդ դարում իր ժողովրդին պատուհասած ողջ մղձավանջն ու կորուստները:
Հուշագրությունների շարքում գիրքն առանձնանում է արժեքավոր ազգագրական, պատմական փաստերի առատությամբ, հայտնի դեմքերի հետ կապված հետաքրքիր մանրամասներով: Հուշագրությունը կազմված է 8 գլուխներից՝ Մանկություն, տեղահանում, Որբանոցներ, ուսումնառություն, Խորհրդային Հայաստանում, Աքսոր, Վերադարձ, Հայրենական մեծ պատերազմ, Գերություն, Հավատը փրկում է մարդուն:
Հարություն Ալբոյաջյանը 10 տարեկան էր, երբ սկսվեցին կոտորածները: Բազմանդամ ընտանիքից ողջ մնացին միայն Հարությունը և կրտսեր եղբայրը՝ Կարապետը: Հայրը և մեծ եղբայրը դավադրաբար սպանվում են թուրքերի կողմից, իսկ մայրը և ընտանիքի մյուս անդամները զոհվում են գաղթի ճանապարհին:
Հեղինակը բացառիկ պատմական տեղեկություններ է հաղորդում հայրենի գյուղի՝ Ֆընտըճագի հերոսական ինքնապաշտպանության մասին. ֆընտըճագցիները որոշել էին չհանձնվել թուրքերին, այլ, ի պաշտպանության իրենց հայրենի տան և իրենց ընտանիքի, պայքարել մինչև վերջ: Սակայն թուրքերը կանոնավոր և մեծաթիվ զորք են ուղարկում և գյուղը շրջափակելով՝ հրի ու սրի մատնում այն:
Մանրամասն տեղեկություններ է հաղորդում նաև գաղթի ճանապարհի, գաղթակայանների մասին. «Շատ շոգ էր, ջուր չկար, հիվանդություններ, համաճարակ, մի խոսքով կատարյալ դժոխք»: Հրաշքով փրկվելով գաղթի դաժան ուղուց եղբոր հետ ընկնում են Ջեմալ փաշայի հովանավորությամբ գործող Անթուրայի որբանոց, կրոնափոխվում, ստանում նոր անուն և համար՝ ազգանվան փոխարեն:
Տասնմեկամյա Հարությունը որբանոցում սկսում է գոտի գործել և վաճառել՝ դրա դիմաց ստանալով հինգ ղուրուշ: Որբանոցային կյանքի վառ հիշողությունների մեջ է մնացել նաև Ջեմալ փաշայի այցելությունը որբանոց:
1918 թ. սկզբին, երբ Ջեմալ փաշան այցելում է Անթուրայի որբանոց, 535 համարի որբին ներկայացրնում են թուրք պաշտոնյային և ցույց տալիս նրա պատրաստած գոտին: Հարությունը որպես հիշատակ պահում է այդ գոտին: Գոտին այժմ պահվում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում և ներկայացված է թանգարանի մշտական ցուցադրությունում:
1918թ. Մուդրոսի զինադարարից հետո որբանոցը անցնում է Կարմիր խաչի հսկողության տակ: Կրոնափոխված հայ որբերը վերամկրտվեցին և կրկին դարձան քրիստոնյաներ:
Մեծ երախտագիտությամբ է հիշում Կարմիր խաչի աշխատակցուհի Բերթա Մորլիին: «Մոտենում էր յուրաքանչյուր քնած երեխայի, ծածկում, եթե բաց էր, եթե վերմակով դեմքը ծածկված էր, վերմակը երեսից ետ քաշում, որպեսզի երեխան օդ շնչի: Մի խոսքով նա մեզ համար պահապան հրեշտակ էր»,-հիշում է ՀարությունԱլբոյաջյանը:
Որբանոցից հետո Հարություն Ալբոյաջյանը հաստատվում է Սալոնիկում, իսկ 1925 թ. հայրենադարձվում է Խորհրդային Հայաստան: