29.10.2024
Անցյալ շաբաթ «Վազել հանուն հիշողության» (Courir Pour La Mémoire) ասոցիացիայի անդամները և Մարսելի փոխհյուպատոս Մադլեն Պռոշյանը հյուրընկալվել էին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում: Նրանք ՀՑԹԻ տնօրեն Էդիտա Գզոյանին հանձնեցին «Janabarh, La Route de la Mémoire» (Ճանապարհ. հիշողության ուղի) վավերագրական ֆիլմը: Այն մի խումբ հայերի՝ Մարսելից Երևան 2500 կմ անցած ուղու մասին է՝ որպես հարգանքի տուրք Հայոց ցեղասպանությունը վերապրածներին: 20 օրից ավել տևած ճանապարհը, որն անցել էր եվրոպական տարբեր երկրներով, խորհրդանշում է Հայոց ցեղասպանության տարիներին իրենց բնօրրանից բռնի տեղահանված և աշխարհով մեկ սփռված հայերի գաղթը, որն այս անգամ արդեն ուներ այլ խորհուրդ՝ վերադարձ հայրենիք և վերապրում:
Այնուհետև Ֆրանսիայի հայ երիտասարդություն ընկերակցության անդամները Հայոց ցեղասպանության հուշահամալիրի տարածքում նվագեցին Միքայել Վեմյանի «Le Vent des Montagnes» (Լեռների քամին) ստեղծագործությունը:
Ֆրանսիայից ժամանած մեր հայրենակիցները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Հասմիկ Մարտիրոսյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: