03.02.2024
Բանախոս՝ Սուրեն Մանուկյան, պ.գ.թ., Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի Վ. Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ
Թեմա՝ Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը
Դպրոց՝ Արմավիրի մարզի Բաղրամյանի միջնակարգ դպրոց, 12-րդ դասարան
Փետրվարի 3-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում մեկնարկեց դպրոցականների համար մշակված կրթական ծրագրերի 2024 թ. անդրանիկ հանդիպումը:
Այս անգամ ՀՑԹԻ-ում հյուրընկալվել էին Արմավիրի մարզի Բաղրամյանի միջնակարգ դպրոցի աշակերտները: Նրանք ներկայացված թեմաներից ընտրել էին ՀՑԹԻ Վահագն Դադրյանի անվան համեմատական ցեղասպանագիտության բաժնի վարիչ, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանի «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման և դատապարտման գործընթացը» վերնագրով դասախոսությունը:
Դասախոսության ընթացքում Սուրեն Մանուկյանն անդրադարձ կատարեց Հայոց ցեղասպանության իրականացման ժամանակագրությանը, ծրագրված բնույթին ու ցեղասպանությանը հաջորդած ժխտման քաղաքականությունը:
Նա աշակերտներին ներկայացրեց ցեղասպանությունների և մասնավորապես Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման կարևորությունը, ընդգծելով, որ այն Հայաստանի համար նաև անվտանգային բաղադրիչ ունի:
Դասախոսության բուն թեման աշակերտներին ներկայացվեց փոխներգործուն մեթոդով: Քննարկվեց նաև Առաջին համաշխարհային պատերազմում Օսմանյան կայսրության դաշնակիցներ Ավստրիայի և Գերմանիայի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման նշանակությունը, ներկայացվեց Հայոց ցեղասպանության վերաբերյալ Գերմանիայի Բունդեսթագում ընդունված բանաձևի կարևորությունը:
Դասախոսության ավարտին բանախոսն անդրադարձավ նաև Արցախյան հիմնախնդրին, նշելով, որ Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված ցեղասպանական գործողությունների և արցախահայության իրավունքների մասին անընդհատ պետք է բարձրաձայնել միջազգային տարբեր ատյաններում:
Դասախոսությունն ավարտվեց հարցուպատասխանով:Այնուհետև ՀՑԹԻ կրթական ծրագրերի պատասխանատու Ինեսա Ստեփանյանը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի անունից գրքեր նվիրեց Արմավիրի մարզի Բաղրամյանի միջնակարգ դպրոցի գրադարանին:
Կրթական ծրագրի շրջանակներում աշակերտները շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանի ցուցասրահներով, որտեղ ՀՑԹԻ ավագ էքսկուրսավար Անժել Թևեքելյանի ուղեկցությամբ ծանոթացան թանգարանային ցուցադրություններին: