30.06.2022
Աշխատանքային այցով Հայաստան ժամանած Սերբիայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության պետական քարտուղար Նեմանյա Ստարովիչի գլխավորած պատվիրակությունը հունիսի 30-ին այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր՝ ՀՀ ԱԳՆ Եվրոպայի վարչության պետ Արա Մարգարյանի և ՀՀ-ում Սերբիայի արտակարգ և լիազոր դեսպան տիկին Տատյանա Պանայոտովիչ-Ցվետկովիչի ուղեկցությամբ:
Հյուրերին դիմավորեց և հուշահամալիրի ստեղծման պատմությունը ներկայացրեց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային աշխատանքների գծով փոխտնօրեն Լուսինե Աբրահամյանը: Նա հյուրերին ներկայացրեց նաև Ծիծեռնակաբերդի տարածքում տեղադրված երեք խաչքարերի պատմությունը, որոնք նվիրված են անցյալ դարավերջին Ադրբեջանի տարածքում հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների ընթացքում զոհված հայերի հիշատակին:
Պարոն Նեմանյա Ստարովիչը ծաղկեպսակ դրեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող հուշակոթողին, որից հետո Սերբիայից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեցին Հայոց ցեղասպանության մեկ ու կես միլիոն անմեղ զոհերի հիշատակը:
Հյուրերը շրջեցին նաև Հայոց ցեղասպանության թանգարանում, որտեղ Լուսինե Աբրահամյանի ուղեկցությամբ ծանոթացան մշտական և ժամանակավոր ցուցադրություններին: Այցի ավարտին պարոն Նեմանյա Ստարովիչը գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: