ԱՆԴԱԼՈՒՍԻԱՅԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՓՈԽԽՈՍՆԱԿՆ ԱՅՑԵԼԵՑ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ
Իսպանիայի Անդալուսիա երկրամասի խորհրդարանի փոխխոսնակ Մարիա Էսպերանսա Օնյա Սեվիլյան Հայաստան կատարած այցի շրջանակներում այցելեց Հայոց ցեղասպանության հուշահամալիր և թանգարան:
Անդալուսիայի խորհրդարանի փոխխոսնակը շրջայց կատարեց նախ թանգարանում, ծանոթացավ Հայոց ցեղասպանության պատմության մանրամասներին, գրառում կատարեց Պատվավոր հյուրերի հուշամատյանում: ՀՑԹԻ տնօրենը Անդալուսիա երկրամասի խորհրդարանի փոխխոսնակին նվիրեց ամերիկյան մամուլում հրատարակված Հայոց ցեղասպանության մասին հոդվածների հատորներ, ապա վերջինիս ուղեկցությամբ տիկին փոխխոսնակն այցելեց նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիր, ծաղիկներ դրեց անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:
Իսպանիայի Անդալուսիա երկրամասի խորհրդարանի փոխխոսնակի այցի նպատակը հայ-իսպանական երկկողմ հարաբերությունների խթանումն ու երկրամասի կողմից Հայոց ցեղասպանության հնարավոր ճանաչումն է: