30.09.2014
Սեպտեմբերի 29-ին պաշտոնական այցով Հայաստանի Հանրապետություն ժամանած Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասը ՀՀ ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի և Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի ուղեկցությամբ այցելեց Ծիծեռնակաբերդ` Հայոց ցեղասպանության հուշահամալիր:
Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասը ծաղկեպսակ դրեց Մեծ Եղեռնի զոհերի հուշարձանին, այնուհետև Հունաստանից ժամանած պատվիրակության անդամները ծաղիկներ դրեցին ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ և մեկ րոպե լռությամբ հարգեց անմեղ զոհերի հիշատակը:
Հայոց ցեղասպանության թանգարան – ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը Հունաստանի Նախագահ Կարոլոս Պապուլիասին և նրան ուղեկցող պատվիրակության ներկայացուցիչներին պատմեց Հուշահամալիրի կառուցման պատմության մասին:
Հունաստանի Նախագահը եղավ նաև Հիշողության պուրակում, որտեղ ջրեց 2007 թվականին` իր առաջին այցելության ժամանակ տնկած արծաթափայլ եղևնին:
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը Նախագահին հանձնեց «Ֆրիտյոֆ Նանսեն» ոսկե մեդալ:
Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 9-ին Հունաստանի խորհրդարանը ընդունեց Ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, իսկ 1996 թվականի ապրիլի 25-ին Հունաստանի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանության պատմական փաստը: