31.03.2015
Այս վավերագրական ֆիլմը պատմում է գրող Ջորջ Ջերջյանի վերջի գրքի մասին՝ «Լուսաբաց մեկ դար անց»: Գրքում ներկայացված է իր պապիկի կողմից արված հայրենի քաղաքի և քոլեջի լուսանկարների հավաքածուն:
Գրիգոր Ջերջյանը (1870-1947թթ.)՝ հեղինակի պապը, 1900 թվականից մինչև 1907 թվականը իր հայրենի քաղաք Արաբկիրի և քոլեջի քաղաք Էրզուրումի շուրջ 240 լուսանկար է արել, որոնցից պահպանվել է միայն 100-ը: Այս լուսանկարները արտացոլում են մի ժողովրդի կյանքի ուղին, որը մեկ տասնամյակ հետո պիտի անհայտանար իր 3000 տարվա հայրենիքից՝ Արևմտյան Հայաստանից: Լուսանկարները բազմազան են և դասավորվել են առանձին խորագրերի տակ, ինչպես օրինակ՝ ջուր, հող, ժողովուրդ, եկեղեցիներ, դպրոցներ, տնտեսական, սոցիալական և քաղաքական կյանք:
Ավելի քան մեկ դար, այդ լուսանկարները պահվել են մոխրագույն պողպատե արկղի մեջ, որը Արաբկիրից տեղափոխվել է Ալեքսանդրիա (Եգիպտոս), որտեղ այն մնացել է շուրջ 50 տարի: Ժառանգների հետ այդ արկղը տեղափոխվել է Խարթում (Սուդան), որտեղ մնացել է 20 տարի, ապա Լոնդոն` (Անգլիա) 30 տարի և հետո Վաշինգտոն՝ (ԱՄՆ) շուրջ 10 տարի: Այժմ, մեկդարյա խավարից հետո այդ լուսանկարները լույս տեսան:
ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը ֆիլմում նշում է.
«Սա եզակի հավաքածու է և շատ կարևոր է, որ դա պահպանվել է: Այն ոչ միայն պահպանել է ընտանիքի հուշերը, այլև պահպանել է մի ամբողջ ժողովրդի պատմություն: Դա մեր պատմության մի մասն է, մեր ընդհանուր ժառանգությունը: Ամեն մի նկար, որը պատկերում է արևմտահայերի կյանքը, նման է խճանկարի, և հավաքելով այդ խճանկարի մասերը լիարժեք պատկերացում ենք կազմում Արևմտյան Հայաստանի կյանքի և այնտեղ տեղի ունեցած փոխազդեցությունների մասին նախքան 1915-ի Ցեղասպանությունը»:
2014 թվականին Ջորջ Ջերջյանն իր պապիկի հավաքածուն այլ փաստաթղթերի հետ միասին նվիրաբերել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին: Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը մոտ ապագայում կազմակերպելու է «Արևմտյան Հայաստանը՝ Գրիգոր Ջերջյանի աչքերով» խորագրով ժամանակավոր ցուցադրություն:
Ֆիլմը կարող եք դիտել այստեղ: