31.05.2015
Մայիսի 30-ին Նյու Յորք նահանգի Գլեն Քովի Հոլոքոստի թանգարանում բացվեց Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված ցուցահանդես:
Ինչպես տեղեկացնում է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի փոխտնօրեն Սուրեն Մանուկյանը, ցուցահանդեսը բաղկացած է երկու մասից՝ Հայոց ցեղասպանության լուսանկարչական պատմություններից, ԱՄՆ հումանիտար օգնության մասին պատմող Մերձավոր Արևելյան նպաստամատույցին նվիրված ցուցադրությունից:
Ցուցահանդեսին զուգահեռ ներկայացվելու է նաև Ավրորա Մարդիգանյանի մասին պատմող ֆիլմը: «Շատ կարևոր է ունենալ նման ցուցադրություն, քանի որ այն մնալու է մինչև սեպտեմբեր և այս երեք ամիսներից հետո տեղափոխվելու է մեկ այլ Հոլոքոստի թանգարան: Չեմ ուզում մանրամասներ փոխանցել, քանի որ դեռ բանակցությունների փուլում ենք»,-փոխանցեց Սուրեն Մանուկյանը:
Ցուցադրության բացմանը ներկա էին նաև ՄԱԿ-ում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Զոհրաբ Մնացականյանը, Սուրբ Նահատակների հայկական եկեղեցուց Հայր Աբրահամ Մալխասյանը, տեղի հրեա համայնքի ներկայացուցիչներ և Հոլոքոստը վերապրածներ: Իսկ տեղի հայկական դպրոցի սաները երեկոն զարդարեցին Կոմիտասի ստեղծագործությունների կատարմամբ: