31.05.2024
Մայիսի 30-31-ին ՀՑԹԻ գիտաժողովների դահլիճում տեղի ունեցավ «Թուրք-ադրբեջանական հայատյացության շուրջ. միջգիտակարգային մոտեցումներ» խորագրով գիտաժողովը, որին մասնակցեցին հետազոտողներ ՀՑԹԻ-ից, ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտից, Մատենադարանից, Հայ - ռուսական (սլավոնական) համալսարանի արևելագիտության ինստիտուտից և Վերլուծական հոգեբանության հայկական ասոցիացիայից:
Գիտաժողովն անցկացվում էր ՀՀ ԿԳՄՍՆ Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի «Թուրք-ադրբեջանական հայատյացության ակունքները, արդի վիճակը, միտումները (միջգիտակարգային մոտեցումներ)» գիտական թեմայի շրջանակներում:
Բացման խոսքում ՀՑԹԻ տնօրեն պ.գ.թ. Էդիտա Գզոյանը նշեց, որ թեև տարբեր ուսումնասիրություններում մշտապես խոսվել է հակահայկականության և հայատյացության տարբեր դրսևորումների մասին, սակայն թեմայի արծարծումը տարբեր գիտակարգերի կողմից, ըստ էության, առաջին անգամ է տեղի ունենում։
ՀՑԹԻ Հայոց ցեղասպանության զոհերի ու վերապրողների փաստագրման և ուսումնասիրության բաժնի վարիչ և վերոնշյալ գիտական ծրագրի ղեկավար պ.գ.թ. Շուշան Խաչատրյանն իր խոսքում նշեց, որ կա անհրաժեշտություն հասկանալու, թե ինչ բառով պետք է բնութագրել կամ սահմանել երևույթը, որը դարեր ի վեր մինչև արդի ժամանակաշրջանը շարունակվող բռնությունների տեսքով անընդհատ տեղի է ունեցել հայերի նկատմամբ։
Մինչ բուն գիտաժողովի մեկնարկը ներկայացվեց թուրք-ադրբեջանական բռնությունների, ցեղասպանության և ցեղասպանական արարքների տարեգրությունն ու պատմական դեպքերը, որոնք ընդգրկում են 19-րդ դարի կեսերին Զեյթունի և շրջակայքի հայերի նկատմամբ իրականացված բռնություններից մինչև 2023 թվականի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած ցեղասպանությունը։
Երկու օրերի ընթացքում հնչեց 19 զեկույց: Բոլոր մասնակիցների ելույթներից հետո տեղի ունեցավ մտքերի փոխանակում, ծավալվեց քննարկում՝ կապված հետագա անելիքների հետ: Որոշվեց ներկայացված զեկույցների հիման վրա պատրաստել երկլեզու տեղեկագիր հայաստանյան և միջազգային տարբեր կառույցներ ուղարկելու և կոնկրետ օրինակներով թուրք-ադրբեջանական հայատյացության տարբեր կողմեր ցույց տալու նպատակով: