31.07.2014
Հուլիսի 30-31-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում անցկացվեց «Պրոսպեկտուս» տարածաշրջանային և քաղաքական հետազոտությունների կենտրոն» ՀԿ-ի և ՀՑԹԻ-ի կողմից կազմակերպած երկօրյա ամառային դպրոցը ուսուցիչների համար: «Ինչպես դասավանդել Հայոց ցեղասպանության թեման» դասընթացին մասնկացեցին Հայոց պատմության ուսուցիչներ Հայաստանի Հանրապետությունից, ինչպես նաև Արցախից և Սփյուռքից:
Դասընթացի ժամանակ դասախոսություններով ելույթ ունեցան ՀՑԹԻ-ի փոխտնօրեն, պ.գ.թ. Սուրեն Մանուկյանը, ՀՀ ԳԱԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտի արդիականության ազգաբանության բաժնիառաջատար գիտաշխատող, պ.գ.դ. Հարություն Մարությանը, Կալիֆորնյայի համալսարանի գիտաշխատող, հայոց լեզվի և գրականության դոկտոր Ռուբինա Փիրումյանը, ՀՀ ԿԳՆ Կրթության ազգային ինստիտուտի մասնագետ Թեհիմնա Քոչարյանը:
Երկօրյա դասընթացի ընթացքում բանախոսներն անդրադարձան այնպիսի թեմաներին,ինչպիսին են Հայոց ցեղասպանություն թեմայի տեղն ու դերը հանրակրթության բովանդակության մեջ, Հայոց ցեղասպանության տարբեր տարիքային խմբերին դասավանդելու առանձնահատկությունները, Հոլոքոստի և Հայոց ցեղասպանության պատմության դասավանդման համեմատությունը, տեսանյութերի եւ ֆոտոնյութերի օգտագործումը Հայոց ցեղասպանության թեմայի դասավանդման ժամանակ:
Մասնակիցները նաև քննարկեցին խնդիրները, որոնց հետ բախվում են ուսուցիչները Հայոց ցեղասպանության թեման դասավանդելու ընթացքում:
Ծրագիրն իրականացվում է Հայաստանի երիտասարդական հիմնադրամի` որպես ՀՀ նախագահի գործընկեր կազմակերպության կողմից հայտարարված դրամաշնորհային մրցույթի շրջանակներում: