31.07.2024
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» ժամանակվոր ցուցադրության հերոսուհիներից են աքսորակից ընկերուհիներ Վարթեր Նազարյան-Դերանյանը և Էլմաս Սարաճյան-Պոյաճյանը, որոնք անցնելով ցեղասպանության արհավիրքի միջով ու կորցնելով իրենց հարազատներից շատերին, կարողացան իրենց մեջ ուժ գտնել ու առանց ժամանակ կորցնելու լծվեցին տեղահանված իրենց հայրենակիցներին օգնելու գործին:
Ցեղասպանությունից տասնամյակներ անց Վարթերի և Էլմասի ժառանգները որոշեցին սերունդներին թողնել իրենց նախնիների պատմությունը: Էլմասի թոռնուհին՝ դրամատուրգ Ջոյս Վան Դայքը երկու աքսորակից ընկերուհիների պատմության հիման վրա 2007 թ. գրեց «Deported: A Dream Play [Տեղահանվածը. երազանքի խաղ]» պիեսը, որն առաջին անգամ ցուցադրվեց 2012 թ. Բոստոնում, իսկ լրամշակված տարբերակը՝ «Daybreak [Լուսաբաց]» վերնագրով, 2018 թ. Նյու Յորքում: Օրերս Հայաստան էր այցելել ծագումով հայ դերասանուհի Թամարա Սևունցը, որը «Daybreak [Լուսաբաց]» պիեսում մարմնավորել էր Վարթերին: Նա ՀՑԹԻ թանգարանային ցուցադրությունների կազմակերպման պատասխանատու Սեդա Պարսամյանի ուղեկցությամբ շրջեց Հայոց ցեղասպանության թանգարանում և մեծ հուզմունքով ծանոթացավ «Հայ կինը՝ ցեղասպանության զոհ և հերոս» ցուցադրությանը: Նա նշեց, որ իր համար չափազանց պարտավորեցնող է եղել Վարթերի դերը կերտելը: