04.06.2022
Մայիսի 31-ին ՀՑԹԻ գիտաժողովների սրահում տեղի ունեցավ Ամստերդամի համալսարանի դասախոս Սթեյսի Վորսթերի
“Legends of the Artefacts: Object-Centric Research, Education and Public Engagement” («Արտեֆակտների լեգենդները. առարկայակենտրոն հետազոտություն, կրթություն և հանրային ներգրավվածություն») թեմայով դասախոսությունը:
Սթեյսի Վորսթերը Հարավաֆրիկյան Հանրապետությունից է, սովորել է Յոհաննեսբուրգի Ուիտուոտերստրանդի համալսարանի արվեստի պատմության բաժնում: 2012-2016 թթ. աշխատել է Հարավաֆրիկյան Հանրապետության Սահմանադրական դատարանի հավաքածուի համադրող, այնուհետև ուսումը շարունակել է Ամստերդամի համալսարանում, որտեղ էլ այժմ աշխատում է:
Նա իր դասախոսությունը սկսեց հետևյալ հարցադրումներով. մենք կարո՞ղ ենք առանձին առարկաների միջոցով պատկերացում կազմել անցյալի մասին, և ի՞նչ դեր ունի առանձին առարկան հիշողության, անցյալի ժառանգության պահպանման և փոխանցման գործում:
Ս. Վորսթերն իր խոսքում նշեց, որ առաջին առարկայակենտրոն հետազոտությունն իրականացրել է Յոհաննեսբուրգի թանգարաններից մեկում, որի հավաքածուն ավելի քան տասը հազար առարկա է: Նա իր գործընկերների հետ սկսել է ուսումնասիրել առանձին առարկաներ՝ փորձելով վեր հանել դրանց պատմությունն ամբողջությամբ և այն հասանելի դարձնել հասարակության լայն շերտերին ինչպես գիտական հոդվածների, պատկերագրքերի, այնպես էլ ցուցադրությունների միջոցով: Նա նշեց, որ պատմական որևէ իրադարձության մասին մեկ առարկան կարող է ավելի խոսուն ու տպավորիչ լինել, քան ցանկացած հոդված կամ գիրք:
Դասախոսության ընթացքում Սթեյսին կիսվեց իր տարիների փորձառությամբ, որը ՀՑԹԻ աշխատակիցները կօգտագործեն իրենց հետագա հետազոտություններում:
Առանձին առարկայի պատմական հիշարժան իրադարձության հիշողության պահպանման և փոխանցման գործում կարևոր դերի մասին ականատես եղանք հենց դասախոսության ընթացքում. դասախոսությանը ներկա լրագրող, թուրքագետ Հայկարամ Նահապետյանը դասախոսության ավարտին Հայոց ցեղասպանության թանգարանին հանձնեց 1942 թ. լույս տեսած ամերիկացի լրագրող Լուի Լոխների
“What About Germany?” գիրքը, որի երկրորդ էջում մեջբերված է Հիտլերի հայտնի խոսքը.
«… Եվ ի վերջո, ո՞վ է այսօր խոսում հայերի ոչնչացման մասին»: