06.12.2022
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի թանգարանային ֆոնդերում պահվող Հայոց ցեղասպանությունը վերապրածեր Թորոս Խաչատուրի Գասապեանի (ծնված՝ Պաքըրմադեն) և Գեղուհի Գրգոճաեան-Գասապեանի (ծնված՝ Քեմախ) հուշերը՝ գրի առնված նրանց դստեր՝ Իսկուհի Գասապեան-Հովհաննեսեանի կողմից, արժեքավոր սկզբնաղբյուր են Հայոց ցեղասպանության տարբեր դրվագների ուսումնասիրման առումով: Հուշագրությունը թեև ծավալուն չէ (31 էջ), սակայն եզակի է հարուստ ազգագրական նյութի, ինչպես նաև՝ Բիթլիսի և Դիարբեքիրի նահանգների տեղահանության, կոտորածների, իսլամական գերության մեջ հայտված հայ երեխաների կյանքի ու հետագա ճակատագրի ուսումնասիրման առումով:
Հուշագրության հեղինակի մայրը՝ Գեղուհի Գրգոճաեան-Գասապեանը, ծնունդով Արևմտյան Հայաստանի Բիթլիսի նահանգից էր՝ Դատվանի գյուղախմբի Կամախ (Քեմախ) գյուղից: 1915-ին Գեղուհին երեխա էր, գիրն ու ուսումն արժևորող ընդարձակ (քառասունից ավելի) գերդաստանի անդամ։ Գեղուհու հայրը ցեղասպանությունից առաջ արտագնա աշխատանքի էր մեկնել Հունաստան, ուր արդեն հաստատվել էր գերդաստանի մի մասը: 1915-ի գարնանը, «երբ ծառերը նոր էին ծիլ տվել», Գեղուհին հորական պապի, մոր, մեկ տարեկան (քրոջ կամ եղբոր) և գերդաստանի մյուս անդամների հետ տեղահանվել է հայրենի բնակավայրից: Քեմախից դուրս գալուց քիչ անց տղամարդկանց՝ այդ թվում Գեղուհու մեծ հորն առանձնացրել, հեռացրել են խմբից, որից հետո նրանից այլևս լուր չեն ունեցել: Մյուսները քայլելով հասել են Դիարբեքիր, ապա՝ Պաքըրմադեն: Ճանապարհին Գեղուհու արդեն ուժասպառ մայրը գրկի երեխային թողել է մի ծառի տակ, սակայն Գեղուհին լաց է եղել՝ խնդրելով մորը վերցնել երեխային, ինքը որոշ ժամանակ գրկած քայլել է՝ օգնելով մորը: Պաքըրմադենում երեխաներին խլել են մայրերից ու ողջակիզել: Տեղահանության ժամանակ մի թուրք Գեղուհուն իր տուն է տարել: Վերջինս մինչև ինը տարեկանն ապրել է թուրքական ընտանիքում, խոսել է թուրքերեն՝ մոռանալով հայերենը: Գեղուհուն հակառակ իր կամքի ցանկացել են ամուսնացնել մի թուրքի հետ, սակայն այդ մասին իմանալով, Թորոս (Գեղուհու ապագա ամուսինը) և Ղազար Գասապյանները, որոնք նույնպես ծանր կորուստներով վերապրել էին ցեղասպանությունը և հայտնվել իսլամական միջավայրում, կազմակերպել են նրա փախուստը:
Հեղինակի հայրը՝ Թորոս Գասապեանը, ծնունդով Պաքըրմադենից (Դիարբեքիրի նահանգ) էր: Ցեղասպանության նախօրեին եղել է 7-10 տարեկան: 1915-ին Թորոսի հորը՝ Խաչատուրին, թուրք ոստիկանները բռնությամբ տանից դուրս են բերել և հարազատների աչքի առջև սպանել: 1915 թ. գարնանը Թորոսի մայրը՝ Յուղաբեր Գասապեանը, հինգ զավակներից 12 տարեկան Մարգրիտին (մահացել է անհայտ հանգամանքներում թուրքի տանը) թողել է մի թուրք կնոջ մոտ՝ վերադառնալու պայմանով, մյուս չորսի հետ տեղահանվել: Տեղահանության ճանապարհին որդիներից Հակոբը կորել է մարդկանց բազմության մեջ: Պահակախմբից մի թուրք Յուղաբերին առաջարկել է ամուսնանալ իր հետ, սակայն մերժում ստանալով՝ սպանել է նրան: Թուրքը, կարծելով, որ երեխաներն են մերժման պատճառը, մոր աչքի առաջ սպանել է հինգ տարեկան Ազատուհուն, Թորոսին հաջողվել է փախչել: Բազում փորձություններ հաղթահարելով, իսլամական միջավայրում տարիներ շարունակ ապրելուց հետո Թորոսն ի վերջո հանդիպել է իր ազգականներից Ղազար Գասապեանին (իսլամական գերությունից ազատագրել է հայ կանանց ու աղջիկների), որից էլ տեղեկացել է ապագա կնոջ՝ Գեղուհու մասին:
Թորոսի և Գեղուհու ամուսնությունից ծնվել է նրանց դուստրը՝ Իսկուհին (հուշագրության հեղինակը): Պատերազմի ավարտից հետո Գեղուհին տեղեկացել է, որ Հունաստանում հաստատված հայրն իրեն է փնտրում: 20 օրական Իսկուհու հետ Գասապեան ամուսինները տեղափոխվել են Խարբերդ, մի քանի շաբաթ ապաստանել տեղի արաբկիրցի քահանա տեր Կորյունի տանը, որին Գեղուհու հայրը պարբերաբար գումար էր ուղարկում՝ խնդրելով մինչև իր մոտ տեղափոխվելը հոգ տանել դստեր ու նրա ընտանիքի մասին: Խարբերդում Իսկուհուն մկրտել են: Այնուհետև Գասապեան ընտանիքը հաստատվել է Հալեպում: Գեղուհին պարբերաբար այցելել է Հունաստանում բնակվող հորը, որտեղ հայրը նրան հայերեն գրել, կարդալ է սովորեցրել: Գեղուհի Գասապյանը մահացել է Հալեպում, 43 տարեկան հասակում, իսկ Թորոս Գասապյանը՝ 60-ը դեռ չբոլորած:
Սեդա Պարսամյան
ՀՑԹԻ ցուցադրությունների կազմակերպման պատասխանատու
Հայոց ցեղասպանությունը վերապրած Թորոս Գասապեան
Հայոց ցեղասպանությունը վերապրած Գեղուհի Գրգոճաեան-Գասապեան
Իսկուհի Գասապեան-Հովհաննեսեան (հուշագրության հեղինակը), 1991 թ.