Երվանդ Քասունիի (1) «Այաշի բանտը. Տոքթ. Աւետիս Նագգաշեան եւ մահապարտ աքսորեալները» մենագրությունը կարևոր սկզբնաղբյուրային աշխատանք է Հայոց ցեղասպանության ուսումնասիրության բնագավառում(2): 400 էջից բաղկացած աշխատանքը ներառում է առաջաբան, ներածական, արևմտահայ բժիշկ, Հայոց ցեղասպանությունը վերապրող Ավետիս Նագգաշյանի «Այաշի բանտը» հուշագրությունը, որն ըստ էության կազմում է հատորի հիմնաքարը, ծավալուն ծանոթագրություններ, Ավետիս Նագգաշյանի կյանքի ու ստեղծագործական գործունեության ընդհանուր տեղեկություններ, հավելվածներ, ամփոփումներ, մատենագիտություն, անձնանունների ու տեղանունների ցանկ, ինչպես նաև հեղինակի՝ Երվանդ Քասունու կենսագրական մանրամասներ: Գրքում օգտագործված սկզբնաղբյուրների և գրականության ցանկն ինքնին արժեքավոր ուղեցույց է ուսումնասիրողների համար: Այն նախատեսված է ինչպես ոլորտի մասնագետների, այնպես էլ ընթերցող լայն շրջանակների համար:
Գրքի «Ներածականի փոխան» ընդարձակ հատվածում Հայկական հարցի պատմության մասին արված բազմակողմանի անդրադարձը ոլորտի ցանկացած ուսումնասիրողի հնարավորություն կտա ունենալու խնդրի ամբողջական պատկեր:
Հատորի առանցքն Այաշ աքսորված այնթապցի բժիշկ Ավետիս Նագգաշյանի հուշագրության անճշտություններից խմբագրված, լրամշակված, ծանոթագրությունների միջոցով ամբողջացված տարբերակի վերահրատարակումն է: Ավետիս Նագգաշյանի «Այաշի բանտը» առաջին անգամ հրատարակվել է 1925 թ. Բոստոնում «Հայրենիք» տպագրատանը (3): Հետագայում այն մի քանի անգամ վերահրատարակվել է (4), սակայն հուշագրության նախնական տարբերակում առկա են որոշ թյուրըմբռնումներ, որոնք չեն խմբագրվել: Օրինակ, Նագգաշյանն իր հուշերում, խոսելով Թալեաթի(5) ու Զոհրապի(6) հարաբերությունների մասին, նշում է. «Այս բոլոր ոճիրներու հեղինակն ու հրամայողը՝ Թալէաթ, ինք իր կեանքը կը պարտէր Զօհրապի»(7): Իսկ Քասունին պարզաբանում է. «Նագգաշեան շփոթի մէջ է, եթէ ակնարկութիւնը 31 Մարտի, 1909 թ. Յեղափոխութեան օրուան մէջ արձանագրուած դէպքերու մասին է, ապա՝ Զօհրապի տունը ապաստանողը Խալիլ պէյն է, իսկ Թալաաթ ապաստանած է Ակնունիի բնակարանը»(8):
Երվանդ Քասունիի խմբագրությամբ այս հատորը Հայոց ցեղասպանությունը վերապրողի արժեքավոր հուշագրություն է, իսկ Քասունու կողմից կազմված ծանոթագրություններն ամբողջացնում են պատմական իրադարձությունները, հնարավորություն են տալիս շատ պատկերավոր տեղեկություն ստանալու ինչպես Այաշի բանտարկյալների ու նրանց շուրջը կատարվող, այնպես էլ դրա պատերից դուրս տեղի ունեցող դեպքերի մասին: Քանի որ հուշագրությունը հարուստ է անձնանուններով, զանազան տեղեկություններով, ուստի առանց հավելյալ գրականության դրանց մեծ մասն ընթերցողի կամ ուսումնասիրողի համար խրթին կլինի ընկալել, ըմբռնել Հայոց ցեղասպանության պատմության այս առանցքային իրադարձության՝ մտավորականների ձերբակալության խնդրի կարևորությունն ու նրբությունները, հետահայաց նետել հայ ժողովրդի պատմության դրամատիկ էջերի վրա, կատարել ճիշտ հարցադրումներ, վերլուծել այդ ամենն ու տալ գնահատական ապագայի համար:
Աւետիս Տոքթ. Նագգաշեան, Այաշի բանտը:
1915, ապրիլ 24-ին, Կ.Պոլսէն ձերբակալուելով Այաշ բանտարկուած եւ նահատակուած ընկերներուս
անմահ յիշատակին կը ձօնեմ այս գրքոյկը
(Նիւ Եորք), տպագր.
«Հայրենիք»-ի, Պոսթըն, 1925
Քասունին այս արդիական խնդրին մոտեցել է նրբորեն, տվել է հմուտ մանկավարժի լուծում: Նա հուշագրությանը կից դրել է ծանոթագրություն, որը հրաշալի շաղկապում է հուշագրության մեջ հիշատակվող մարդկանց, տեղանունները, իրադարձությունները և ընթերցողին հնարավորություն է տալիս մտնելու իրադրության մեջ, վերլուծելու խորքից, ըմբռնելու իրավիճակը, անելու անհրաժեշտ եզրակացություններ: Ծանոթագրությունների աղբյուրները բազմազան են՝ տարբեր լեզուներով սկզբնաղբյուրներ, մենագրություններ, հոդվածներ, մամուլի էջեր, հուշամատյաններ:
Ավետիս Նագգաշյանը՝ որպես ականատես-վերապրող, ներկայացնում է հայ մտավորականների աքսորական կյանքի մանրամասները, տալիս տեղեկություններ ձերբակալությունների, տեղահանության, բանտի կյանքի ու սպանությունների մասին. «Ես գտնուեր էի էնկիւրիի կողմերը եւ լսած էի որ զուտ տաճիկ ժողովուրդէ բաղկացած գաւառակի մը կեդրոնն էր, Անկորայէն տասներկու ժամ հեռու, վայրենի տեղ մը»,– գրում է Նագգաշյանը (9):
Բանտային կյանքի կարևոր մանրամասներ պարունակող նկարագրությունները հնարավորություն են ընձեռում առարկայական պատկերացում կազմելու բանտարկվածների առօրյա խնդիրների մասին: Մշակվում է ներքին կանոնադրություն սննդի հայթայթման, տեղացի թուրքերից «անկողնու» վարձակալություն և այլ հարցերի շուրջ. «Մեր առաջին մտահոգութիւնը կամ ջանքը եղաւ մաքրել գովուշը. սակայն ի՜նչ փոշի, ի՜նչ կեղտոտութիւն: Այսպիսի տեղ մը ո՛չ թէ պառկիլ, այլ ոտք կոխել անգամ մենէ ոեւէ մէկուն մտքէն չէր անցներ: Այսուհանդերձ պէտք էր համակերպիլ, պէտք էր ապրիլ: Գոնէ մաքրութեան միջոցին կարելի ըլլար բազմութիւնը դուրս հանել, նորէն բարիք մը պիտի սեպէինք, բայց հրաման չկար. պատուհանները երկաթէ եւ փայտէ ձողերով գոցուած էին, իսկ զինուորները դուրսը կը շրջապատէին ամէն կողմ» (10):
Բանտարկյալներին արգելված էր որևէ թղթակցություն ունենալ հարազատների հետ: Չունեին տեղեկություն երկրում տեղի ունեցող իրադարձությունների մասին, կատարյալ մեկուսացում էր: «Ինչու՞ բերին մեզ, և ի՞նչպէս պիտի վարուէին մեզի հետ» (11)՝ բոլոր բանտարկյալներին, թերևս, տանջում էր այս հարցը, որին ի պատասխան իրավաբան, հրապարակագիր, ազգային-հասարակական գործիչ Հարություն Շահրիկյանն արձագանքում էր. «Անիմաստի մէջէն իմաստ կը փնտռէք»12: Եվ իսկապես, բոլոր խոսակցություններն ու դատողությունները հանգում էին Շահրիկյանի «անիմաստին»:
Այաշի բանտի ողջ թշվառության ու հուսահատության մթնոլորտում կային նաև մտավորականի ստեղծագործ միտքն ու սուր հումորը: Բժիշկ Նագգաշյանն իր գործընկեր բժիշկ Տաղավարյանին հիշատակում է որպես գրաբարի մեծ սիրահար և հավելում. «գիշերները ան գրաբար կը խռար՝ զոր չէի հասկնար»(13): Զավեշտ ու զրկանք:
Թուրքական իշխանությունների կողմից հայ մտավորականության թիրախավորված մեկուսացման ու ոչնչացման քաղաքականության իրագործման վայրերից էր Այաշի բանտը, որտեղից ազատվում էին թյուրիմացաբար(14) ձերբակալված մսավաճառները, մանր առևտրականները և այլն:
Բանտարկված հայ մտավորականները որոշում են հեռագիր ուղարկել Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար Թալեաթ Մեհմեդին և հայտնել իրենց անտեղի ձերբակալության մասին և ազատություն խնդրել: Երկար ու թեժ քննարկումներից հետո որպես «անյեղափոխական» հեռագիրը ստորագրում է բժիշկ Նագգաշյանը: «Արդէն համոզում գոյացուցեր էի, որ խնդիրը կուսակցականի կամ յեղափոխականի վրայ չէր դառնար, այլ՝ Հայութեան: Արդ, ես ալ իբրեւ հայ դատապարտուած էի: Հեռագիր մը ստորագրե՞մ թէ ոչ: Ըստ իս, բոլոր այս ճիգերը որեւէ օգուտ պիտի չբերէին, եւ հեռագիրը, որուն ամէն մէկ բառին համար վիճաբանութիւն եւ խորհրդակցութիւն տեղի կ’ունենար, կանխաւ դատապարտուած էր մէկ կողմ նետուելու: Եւ այսպէս ալ եղաւ: Մեր հեռագիրը մնաց անհետեւանք»,- հիշատակում է Նագգաշյանը (15):
Հետագայում թուրքական իշխանություններն սկսում են խմբերով կամ առանձին-առանձին բանտից դուրս բերել ձերբակալվածներին՝ դատարան տեղափոխելու պատրվակով, սակայն նրանք տանջամահ էին արվում, կախաղան բարձրացվում:
«Ի՜նչ սին յոյսեր, մարդասպանէն արդարութիւն սպասել…: Գիտէինք թէ մեծ աղէտի մը առջեւ կը գտնուէինք, բայց թէ ամբողջ ազգ մը պիտի սպաննուէր, չկրցանք այդ չափն ըմբռնել»,– կսկիծով նշում է Նագգաշյանը(16):
Բժիշկ Նագգաշյանին հաջողվում է ստանալ ազատության թուղթ (17): Շատ մեծ դժվարությամբ է կարողանում բաժանվել բանտի ընկերներից. «Կը սիրէի զանոնք այնպէս՝ ինչպէս տառապանքի ընկերներ կը սիրեն զիրար» (18):
Ավետիս Նագգաշյան
(1868-1943)
Ավետիս Նագգաշյանի հուշագրությունը ոչ միայն հարգանքի տուրք է բանտում նահատակված հայ մտավորականների հիշատակին՝ «Յարգա՜նք, բիւր յարգա՜նք անոնց յիշատակին»(19), այլ նաև կարևոր սկզբնաղբյուր ուսումնասիրողների համար:
Հատորում առանձնակի նշանակություն ունեն Երվանդ Քասունու կազմած ծանոթագրությունները (230 էջ): Մեծաքանակ ծանոթագրությունները կարևոր են ինչպես երիտասարդ ուսումնասիրողների, այնպես էլ արդեն կայացած մասնագետների համար, որոնք մեկ հատորի միջոցով հնարավորություն կունենան հնարավորինս բազմաբնույթ տեղեկություններ ստանալու: Քասունին հուշագրությունում շոշափվող յուրաքանչյուր անձնանվան ու իրադարձության, տեղանվան ու կազմակերպության համար տալիս է ամբողջական ու մանրամասն ծանոթագրություններ, ինչպես օրինակ՝ արևմտահայ գրող, հասարակական գործիչ Գարեգին Խաժակի (Գարեգին Չագալեան) (20), իրավաբան, ազգային գործիչ Հարություն Շահրիկյանի (21), հնչակյան գործիչների մահապատժի կամ պատմության մեջ հայտնի «Քսան կախաղանների» մասին (22) և այլն:
Երվանդ Քասունին առանձին գլխով ներկայացնում է Հայոց ցեղասպանության ականատես և վերապրող, բժիշկ Նագգաշյանի կյանքն ու գործունեությունը. «Բժշկական ասպարէզին զուգահեռ, եղած է ազգային - հասարակական գործիչ, ինքնատիպ երգիծագիր եւ յանդուգն հրապարակախօս» (23):
Ծնունդով այնթապցի բժիշկը հիմնականում բնակվում ու աշխատում էր Ադանայում (24), սակայն նրա բժշկական գործունեությունը հաճախ դուրս էր գալիս քաղաքի ու նահանգի սահմաններից. «շարժուն հիւանդանոց մըն էր կարծես, ամէն այցելած տեղը քանի մը օրուան ընթացքին նախնական հիւանդանոց մը կը կազմակերպէր»(25):
1915 թ.՝ Այաշի բանտից ազատվելուց հետո, Նագգաշյանին կանչում են Պատերազմական նախարարություն՝ զորակոչելով բանակ հարյուրապետի աստիճանով:
Նագգաշյանը նաև իր լեզվական գիտելիքների ու բազմակողմանի կրթության շնորհիվ թղթակցել ու որպես խմբագրի օգնական է աշխատել Կ.Պոլսի և Սփյուռքի պարբերականներում:
1922 թ. ֆրանսիացիների կողմից Ադանայի նահանգը թուրքերին հանձնելուց հետո Նագգաշյանը որոշ ժամանակ քաղաքից քաղաք տեղափոխվելուց հետո խորը կսկիծով վերջնականապես հեռանում է իր պատմական հայրենիքից՝ սկզբում Եգիպտոս, ապա ԱՄՆ: Այստեղ հիմնում է կլինիկա, շարունակում է թղթակցել մամուլին, արդեն ամերիկա-հայկական՝ «Հայաստանի կոչնակ», «Հայրենիք», «Պայքար»:
Ավետիս Նագգաշյանը հայտնի էր որպես երգիծագիր ու զվարճախոս, սակայն. «Այո՛, իրաւ է թէ զուարճալի շատ մը բաներ գրած էր, սակայն այդ մակերեսային զուարճախօսութեան տակ Նագգաշեան չափազանց տխուր մարդ մըն էր»(26):
Երվանդ Քասունի
Երվանդ Քասունու այս հատորում կարևոր տեղ են զբաղեցնում Ավետիս Նագգաշյանի հոդվածները, նամակները, որոնց միջոցով հեղինակը հնարավորություն է տալիս տեսնելու Նագգաշյանին մեկ այլ՝ պայքարող և նախանձախնդիր ազգային գործչի դիտակետից: Ավետիս Նագգաշյանի ջանքերով է հետապնդվում ու Ռազմական արտակարգ ատյանում(27) դատապարտվում Ներքին գործերի նախարարության աշիրեթների ու գաղթականների տեղավորման և վերաբնակեցման տնօրինության Հալեպի ընդհանուր տեսուչի տեղակալ Աբդուլ Ահատ Նուրին(28)՝ Հալեպի շրջակայքի ու սիրիական անապատներում տեղի ունեցած հայերի աքսորի ու զանգվածային կոտորածների գլխավոր պատասխանատուն:
Հատորում որպես հավելված ներկայացված են Հայ ավետարանչական ընկերակցության 100-ամյակին նվիրված հրապարակումներ, Օսմանյան կայսրության գահաժառանգ Աբդուլ Մեջիդ իշխանի և հայ բժիշկների բարեկամության մասին տեղեկություններ և այլն, որոնք առավել համակողմանի և ընդգրկուն են դարձնում ներկայացվող իրադարձությունները:
Ուշագրավ են Վատիկանի հետ առնչվող տեղեկությունները, հայկական կոտորածների հանդեպ Հռոմի պապի արձագանքն ու այս ամենում Նագգաշյանի աննկատ, բայց շատ գործուն մասնակցությունը:
Քասունին գիրքն ամփոփում է «Մտորումներ վերջին ընթերցումէն ետք» հեղինակային վերջաբանով. «Հայ ժողովուրդի դէմ Թուրքին գործադրած Ցեղասպանութիւնը աւելի քան հարիւր տարի է կը շարունակէ մնալ պատմագիտական և իրաւագիտական քննարկումներու առարկայ, փոյթ չէ թէ հարիւր նոր քննարկում և ուսումնասիրութիւն ոչինչ պիտի փոխեն արձանագրուած ճշմարտութենէն: Բայց գլխաւորի տողերու արանքին կան յայտնաբերումներ, որոնք թէկուզ ծանօթ-անծանօթներ են, բայց անհնար է անծանօթի պէս անտեսել զանոնք»(29):
Հայոց ցեղասպանության պատմության ուսումնասիրության մեջ առանցքային նշանակություն ունեն հուշագրությունները, և այս շարքում իր պատմագիտական կարևորությամբ առանձնանում է Ավետիս Նագգաշյանի «Այաշի բանտը», այն հարուստ է ինչպես անձնանուններով, այնպես էլ տարբեր կազմակերպությունների, պատմական իրադարձությունների մասին տեղեկություններով: Իսկ Երվանդ Քասունուն հաջողվել է այդ անձնանուններին ու իրադարձություններին տալ երկրորդ կյանք՝ կազմելով դրանց մանրակրկիտ ծանոթագրությունը:
Բարձր գնահատելով կատարված հսկայածավալ աշխատանքի դրական կողմերը՝ անհրաժեշտ է նշել աշխատանքում առկա որոշ բացթողումների և զուտ կառուցվածքային խնդիրների մասին: Օրինակ, հատորի մատենագիտության մեջ բացակայում են Ավետիս Նագգաշյանի «Այաշի բանտը» հուշագրության՝ 1925 թ. «Հայրենիք» տպագրատան կողմից հրատարակված առաջին հատորի մասին տեղեկություններ, կամ հեղինակային խորագրերում շարադրանքում օգտագործված մեջբերումների հղումների բացակայությունը, ինչն ընթերցողին հնարավորություն չի տալիս հստակ իմանալու տվյալ մեջբերման աղբյուրը: Այս և նման մանր բացթողումները կամ շարադրանքի զուտ հեղինակային մոտեցումը, իհարկե, չի նվազեցնում հատորի
կարևորությունն ու ակադեմիական որակը:
Այսպիսով, Երվանդ Քասունու կողմից այս հուշագրության ակադեմիական վերատպման և նման մանրամասն կատարված խմբագրական աշխատանքի շնորհիվ այսօր ունենք հայ ժամանակակից պատմագիտության զարգացման համար դրված հստակ ուղենիշ՝ քննության առնել Հայոց ցեղասպանությանն առնչվող հուշագրությունները, խմբագրել և ծանոթագրություններով ամբողջացնել դրանք:
Արևիկ Ավետիսյան, ՀՑԹԻ աշխատակից
Ցեղասպանագիտական հանդես 6 (1), 2018
_________________________________________
1.
Երվանդ Քասունի (ծնվ. 1937 թ. Հալեպ) – ժամանակակից հեղինակ, մանկավարժ, խմբագիր: Կենսագործունեության մանրամասները տե՛ս Քասունի
Ե. Հ., Այաշի բանտը. Տոքթ. Աւետիս Նագգաշեան եւ մահապարտ աքսորեալները, Մ.Ա.Հ.Ա.Ե. Միութեան հրատարակչական գրասենեակ, Պէյրութ, 2018, էջ 391-395:
2. Այս հատորը Հայոց ցեղասպանության բնագավառում հեղինակի միակ հրատարակությունը չէ: Տե՛ս Քասունի
Ե., 1915 և կոտորածները Տիարպեքիրի մէջ, 1915-1965 Յուշամատեան Մեծ եղեռնի, «Զարթօնք» օրաթերթի հրատարակութիւն, Պէյրութ, 1965, էջ 397-421։ Նույնի,
Քննական ակնարկ, «Միշըների Հերըլտի» 1915-1918 թթ. հայ ժողովուրդի ցեղասպանութեան և վերածնունդի մասին արձանագրուած վկայագրութիւններուն, Պէյրութ, 2012, 608 էջ։ Նույնի,
Կանխորոշուած ցեղասպանութիւն, հետազօտութիւն Գէորգ Մեսրոպի «Թրքահայերն ու թուրքերը» փաստաթուղթերու տուեալներով, Պէյրութ, 2015, 360 էջ։ Յակոբ Ս. Տէր Կարապետեան,
Բանտէ բանտ, խմբագիր՝ Քասունի Ե., Պէյրութ, 2015, 200 էջ և այլն:
3. Աւետիս Տոքթ. Նագգաշեան,
Այաշի բանտը: 1915, ապրիլ 24-ին, Կ.Պոլսէն ձերբակալուելով Այաշ բանտարկուած եւ նահատակուած ընկերներուս անմահ յիշատակին կը ձօնեմ այս գրքոյկը (Նիւ Եորք), տպագր. «Հայրենիք»-ի, Պոսթըն, 1925, 63 էջ:
4. Աւետիս Տոքթ. Նագգաշեան,
Հայ մտաւորականներու ձերբակալութիւնը եւ Այաշի բանտը, հրատ. Կ. Տօնիկեան եւ որդիք, Պէյրութ, 1969, 144 էջ: Նույնի,
Այաշի բանտը: 1915, ապրիլ 24-ին, Կ.Պոլսէն
ձերբակալուելով Այաշ բանտարկուած եւ նահատակուած ընկերներուս անմահ յիշատակին կը ձօնեմ այս գրքոյկը (Նիւ Եորք), Բ Տպագրութիւն, Պէյրութ, 1978, էջ 121-165: Նույնի,
Այաշի բանտը, ԵՊՀ հրատ., Երևան, 2013, 192 էջ:
5. Մեհմեդ Թալեաթ Փաշա (1847-1921 թթ.), Օսմանյան կայսրության ներքին գործերի նախարար,
«Միություն և առաջադիմություն» կուսակցության կենտրոնական կոմիտեի նախագահ, Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից:
6. Գրիգոր Զոհրապը (1861-1915 թթ.) մեծ գրող էր, հրապարակախոս, ժամանակի լավագույն իրավաբաններից մեկը, հասարակական-քաղաքական գործիչ, Ազգային ժողովի և Օսմանյան խորհրդարանի պատգամավոր, Հայոց ցեղասպանության զոհ:
7. Քասունի Ե. Հ.,
Այաշի բանտը, էջ 62:
8. Նույն տեղում:
9. Նույն տեղում, էջ 41:
10. Նույն տեղում, էջ 42:
11. Նույն տեղում, էջ 46:
12. Նույն տեղում:
13. Նույն տեղում, էջ 48:
14. Թուրքական ժանդարմը ձերբակալությունների ժամանակ հաճախ էր շփոթում նույն ազգանունն ունեցողներին և առանց տատանվելու ձերբակալում էր: Այսպես էր Այաշի բանտում հայտնվել օրինակ ազգային գործիչ Հայկ Թիրեաքեանի փոխարեն ձերբակալված Բերայի նպարավաճառ մեկ այլ Հայկ Թիրեաքեան:
15. Քասունի Ե. Հ.,
Այաշի բանտը, էջ 56:
16. Նույն տեղում, էջ 59:
17. Ավետիս Նագգաշյանին բանտից ազատելու և անխուսափելի մահից փրկելու հարցում առանձնակի դեր է կատարել նրա կինը՝ միսիոներուհի Աիդա Մելինքըրին: 1895 թ. Սասունի կոտորածներից հետո բազմաթիվ գաղթականներ հասնում են Եդեսիա, որտեղ գտնվող Նագգաշյանն իր ապագա կնոջ՝ միս Աիդայի, ինչպես նաև մեկ այլ ամերիկացի միսիոներուհի Քորինա Շաթըքի հետ ձեռնամուխ է լինում նրանց ապաստանելու ու բժշկելու գործին՝ «աղէտեալները քաղաքէն դուրս, բնական քարայրներու մէջ կը պահեն ու կը դարմանեն»: 1915 թ. բանտարկության ժամանակ Աիդայի ջանքերով ու 1913-1916 թթ. Օսմանյան կայսրությունում ԱՄՆ-ի դեսպան Հենրի Մորգենթաուի միջնորդությամբ է ստացվում «Թալեաթի հրամանը»՝ ազատ արձակել Նագգաշյանին:
18. Քասունի Ե. Հ.,
Այաշի բանտը, էջ 65:
19. Նույն տեղում, էջ 68:
20. Նույն տեղում, էջ 175:
21. Նույն տեղում, էջ 86:
22. Նույն տեղում, էջ 233:
23. Նույն տեղում, էջ 295:
24. Ավետիս Նագգաշյանը մեծ կարողություն ուներ Ադանայում՝ երկու տուն, ութ խանութ, որոնք
1909 թ. Ադանայի աղետի ժամանակ այրվել ու հողակույտի են վերածվել: Տե՛ս Տոքթ. Ա. Նագգաշեան,
Յիշատակներ. դրուագներ կեանքիս պատմութենէն, Նիւ Եորք, 1931, էջ 56-78:
25. Քասունի Ե. Հ.,
Այաշի բանտը, էջ 304:
26. Պարչեման,
Տոքթ. Աւետիս Նագգաշեան, «Հայաստանի կոչնակ» (Նիւ Եորք), 1943, 1 մայիսի, թիվ 18, էջ 421:
27. Անումյան Մ.,
Ճանաչում ու դատապարտում.երիտթուրքերի դատավարությունները (1919-1921 թթ. և 1926 թ.), Երևան, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, 2013, էջ 73:
28. Մինասեան Մ.,
Ռաս իւլ Այնի կոտորածները (1915-1916 թթ.), Գանձասար, Բերիոյ Հայոց թեմի ազգային առաջնորդարանի պաշտօնաթերթ, Յաւելուած, Ապրիլ Գ, 2017:
29. Քասունի Ե. Հ.,
Այաշի բանտը, էջ 373: