ԱՄՆ-ի Կարմիր խաչի հիմնադիր և նախագահ Կլարա Բարտոնը 120 տարի առաջ` փետրվարին, ժամանեց Օսմանյան կայսրության մայրաքաղաք Կոստանդնուպոլիս` 1894-96 թթ. կոտորածների զոհ դարձած հայ բնակչությանը օգնություն ցուցաբերելու համար:
Կլարիսա Հարլոու Բարտոնը ծնվել է 1821 թ. դեկտեմբերի 25-ին Մասաչուսետս նահանգի Օքսֆորդ քաղաքում: 1852 թ. Բորդենթաունում հիմնադրում է Նյու Ջերսի նահանգում անվճար կրթություն տրամադրող առաջին հաստատությունը: 1854 թ. տեղափոխվում է Վաշինգտոն և աշխատում Միացյալ Նահանգների ապրանքանիշերի արտոնագրային գերատեսչությունում: Սա առաջին դեպքն էր, որ դաշնային կառավարությունում կին էր նշանակվում գրասենյակային ծառայողի կարևոր պաշտոնում: Քաղաքացիական պատերազմի ընթացքում (1861-1865) Կլարան ամբողջությամբ նվիրվում է վիրավոր զինվորներին օգնություն և խնամք ցուցաբերելու գործին: Իր անխոնջ աշխատանքի համար նա հայտնի է դառնում «Մարտադաշտի հրեշտակ» անվամբ:
Բարտոնը անձնվիրաբար պայքարել է կանանց իրավունքների պաշտպանության համար:
Նյու Յորքում հիմնադրված Հայ ազգային օգնության կոմիտեն 1895 թ. վերջին և Միսիոներների խորհուրդը տուժածների շրջանում օգնության դրամական միջոցների բաշխում նախաձեռնելու խնդրանքով դիմում են Ամերիկյան Կարմիր խաչին և Կ. Բարտոնին:
1895 թ. դեկտեմբերի 14-ին Կ.Բարտոնը հայտարարում է, որ Ամերիկյան Կարմիր խաչը կուղարկի օգնություն, հենց որ բավարար չափով միջոցներ հավաքեն` մոտ 350 հազար կարիքավոր և սովի մատնված մարդկանց օգնելու համար:
Փետրվարի 16-ին Կ. Բարտոնը հասնում է Կոստանդնուպոլիս:
Բարձր Դուռը բարի համբավ վայելող Ամերիկյան Կարմիր խաչին և նրա նախագահին թույլատրում է օգնություն ցուցաբերել հայկական կոտորածների հետևանքով տուժած բնակչությանը և գյուղատնտեսության վերականգնման ծրագրեր առաջարկել շրջաններին:
Մարտի 18-ին Կ. Բարտոնի օգնական և Թուրքիայում Ամերիկյան Կարմիր խաչի բարձրաստիճան սպա Ջուլիան Հյուբելը Կոստանդնուպոլսից ուղևորվում է Ալեքսանդրեթ և այնտեղ հիմնադրում քարավաններ Այնթափ հասնելու համար: Այստեղից նրանք ուղևորվում են դեպի հյուսիս-արևելք` Խարբերդ և Մարաշ, օգնելու հազարավոր փախստականների: Կ. Բարտոնը ֆինանսական տնօրեն Փուլմանի հետ մնում է Կոստանդնուպոլսում` ծրագիրը համակարգելու համար: Կոտորածներին հետևեցին որովայնի տիֆի և բծավոր տիֆի, դիզենտերիայի և ծաղիկի համաճարակները: Զեյթուն և Մարաշ քաղաքներում համաճարակները կանգնեցնելու համար այստեղ հրավիրվեց Սիրիայի Տրիպոլի քաղաքում հաստատված հայտնի համաճարակաբան բժիշկ Այրա Հարրիսը: Երկու քաղաքներում հիվանդների թիվը գերազանցում էր 10.000: Մեծ քանակությամբ մարդիկ էին մահանում: Ամերիկացի մասնագետների ջանքերի շնորհիվ հիվանդության և մահացության դեպքերի թիվը նշանակալիորեն նվազեց:
Տարագիրներին բնակեցնում էին տներում, նրանց ապահովում էին հացով, դեղորայքով, հագուստով, սերմացուով, մանգաղներով, ճախարակներով և ջուլհակահատոցներով:
Այնուամենայնիվ, ամեն ինչ չէր, որ ընթացավ այնպես, ինչպես Կ. Բարտոնը կնախընտրեր: Բազմաթիվ հոռետեսական հեռագրեր և նամակներ էին գալիս Միացյալ Նահանգներից, որոնք զգուշացնում էին նրան դադարեցնել օգնության առաքելությունը, քանի որ Թուրքիայի կառավարությունը Կարմիր խաչի համար խոչընդոտներ էր ստեղծում:
Սեպտեմբերի 2-ին Կ. Բարտոնը վերադառնում է Լոնդոն, ուր նա տեղեկանում է օսմանյան բանկում տեղի ունեցած միջադեպի և դրան հաջորդած Կոստանդնուպոլսի հայ բնակչության նոր կոտորածների մասին: Այս անգամ նրան խորհուրդ են տալիս չվերադառնալ Կոստանդնուպոլիս:
Կ.Բարտոնը կարծում էր, որ Օսմանյան կայսրության հայ բնակչությանն օգնություն ցուցաբերելու առաքելությունն ավարտված չէր, քանզի քրիստոնյա հայերը թողնված էին կիսավայրենի հասարակության քմահաճույքին, նրանցից 100-200 հազարը դեռ ապաստանի, դեղորայքի, մթերքի և քաղաքակիրթ աշխարհի գթառատ բարերարության կարիքն ուներ: Նա համոզված էր, որ առանց օժանդակության մոտ 50.000 մարդ կմահանար մինչև 1897 թ. մայիսը:
1897 թ. վերջին Վաշինգտոնում Կ. Բարտոնի և իր գործընկերների զեկույցները` Օսմանյան կայսրությունում իրենց իրականացրած մարդասիրական առաքելության վերաբերյալ, հրատարակվեցին մի գրքում: Այս զեկույցները հետաքրքիր են այն իմաստով, որ դրանք ներկայացնում են մանրամասն նկարագրություններ կոտորածներից տուժած հայ բնակչության դրության և ամերիկացի արշավախմբերի կողմից նրանց ցուցաբերած օգնության մասին:
2012 թ. Հայոց ցեղասպանության թանգարան–ինստիտուտի նախաձեռնությամբ և ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ Հայոց ցեղասպանության թանգարանում տեղի ունեցավ Ամերիկյան Կարմիր Խաչի հիմնադիր Կլարա Բարտոնի հիշատակին նվիրված հանդիսավոր միջոցառում: Միջոցառման ժամանակ ելույթ ունեցան ՀՑԹԻ տնօրեն Հայկ Դեմոյանը, ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ջոն Հեֆերնը, Կլարա Բարտոնի տուն-թանգարանը ներկայացնող պատմաբան Քևին Փաթին:
Կազմված է Արման Կիրակոսյանի
«Մարտադաշտի Հրեշտակի Հայկական Առաքելությունը» հոդվածից