16.02.2017
1894-1896 թթ. արևմտահայերի կոտորածների հետևանքները մեղմելու նպատակով մեծ աշխատանք կատարեց Օտարերկրյա առաքելությունների լիազորների ամերիկյան խորհուրդ
(ՕԱԼԱԽ, անգլ.` American Board of Commissioners for Foreign Missions or ABCFM) կազմակերպության աշխատակից օրիորդ Քորինա Շաթըքը:
Նրա հերոսական աշխատանքի արդյունքը դարձավ այն, որ 1895 թ. Ուրֆայի կոտորածների ժամանակ, վտանգելով սեփական կյանքը, իրեն հատկացված տան մեջ պատսպարեց և փրկեց 240 հայի կյանք (60-ը՝ տղամարդիկ, մնացածը՝ կանայք և երեխաներ): Նա նույնիսկ չօգտվեց Այնթապ տեղափոխվելու իրեն վերապահված իրավունքից` գերադասելով օգնել կոտորածներից տուժած հայերին:
Միսիոներուհին ջանք չէր խնայում որբերին խնամելու, անօթևաներին կերակրելու, վիրավորների վերքերը բուժելու գործում: Բողոքական վարժարանի շենքում Քորինա Շաթըքը հիմնում է որբանոց, որտեղ որբերի թիվը հասնում է 300-ի: Որբանոցին կից օրիորդ Շաթըքը բացում է նաև դերձակության, հացագործության, մուճակագործության, երկաթագործության, կոշկակարության և հյուսնության արհեստանոցներ՝ որբերին և այրիներին աշխատանքով ապահովելու համար:
1902 թվականին իր նախկին սան Մառա Հարությունյանի հետ Ուրֆայում կույրերի համար դպրոց է հիմնում և հրատարակում դասագրքեր Բրեյլի գրերի հիման վրա: Կույրերի բրեյլյան այբուբենը նա հարմարեցնում է հայոց լեզվին:
Միսիոներուհի Քորինա Շաթըքի կատարած աշխատանքը հերոսական է, սակայն շատ քչերին է հայտնի:
Նրա սխրանքը լավագույնս բնութագրում է տեղացի հայերից մեկը.
«Եթե չլիներ օրիորդ Շաթըքը, մենք չէինք դիմանա ճնշմանը. բոլորս կիսլամացվեինք»: