«ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԹԵՄԱՅԻ ՈՒՍՈՒՑՈՒՄ»
ԿՐԹԱԿԱՆ ԾՐԱԳԻՐ ԴՊՐՈՑԱԿԱՆՆԵՐԻ ՀԱՄԱՐ
Ցեղասպանության կրթությունը (genocide education) կրթություն է ցեղասպանության երևույթի/հանցագործության օրինաչափությունների, միտումների և ցեղասպանական առանձին դեպքերի պատճառների, բնույթի և հետևանքների մասին: Այն նոր ծագող, սակայն արագ զարգացող դիսցիպլին է, որը բովանդակային առումով գտնվում է իրավունքի, պատմության, սոցիոլոգիայի, հոգեբանության, աստվածաբանության խաչմերուկում: Քաղաքական գործիչների, մարդու իրավունքների պաշտպանների և մանկավարժների ջանքերով ցեղասպանության կրթությունը տարբեր երկրներում դառնում է առանձին դասավանդման առարկա՝ ընդգրկվելով դպրոցական և համալսարանական դասացուցակներում: Վերջիններս շեշտում են ցեղասպանության վերաբերյալ առարկայի դասավանդման մակրո և միկրո կարևորությունը՝ մարդու իրավունքները հարգող պատասխանատու քաղաքացիներ դաստիարակելու և ցեղասպանություն երևույթի՝ որպես համաշխարհային ախտի դեմ պայքարելու միջոց:
Ցեղասպանության, մարդկության դեմ ուղղված այլ հանցագործությունների ու մարդու իրավունքների ոտնահարումների մասին դասավանդելը դժվար է և՛ հոգևոր, և՛ մտավոր առումներով: Թեև այդ աշխատանքը բարդ է, դրա կարևորությունն աճել է 21-րդ դարում՝ Հայոց ցեղասպանության պետական շարունակական ժխտման, Արցախի Հանրապետության դեմ ռազմական ագրեսիայի, աճող հակահայկական տրամադրությունների, տարածաշրջանում և աշխարհում ազգայնամոլության, ծայրահեղական գաղափարախոսությունների աճի պայմաններում: Հայկական իրականությունում Հայոց ցեղասպանության պատմության պատշաճ դասավնդման կազմակերպումը թե՛ պետական, թե՛ ինստիտուցիոնալ և թե՛ անհատական մարտահրավեր է:
Գիտակցելով այս ամենը, «Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամը, հավատարիմ մնալով իր հիմնական՝ Հայոց ցեղասպանության հիշողության պահպանման և տարածման առաքելությանը, 2019 թ. սկսած կազմակերպում է «Հայոց ցեղասպանության թեմայի ուսուցում» կրթական ծրագիրը հանրակրթական միջին (VIII–IX-րդ դասարաններ) և ավագ դպրոցների (X, XI, XII-րդ դասարաններ) աշակերտների համար: Ծրագրի շրջանակում ՀՑԹԻ գիտաշխատողները վարում են 40-45 րոպե տևողությամբ ինտերակտիվ թեմատիկ դասախոսություններ: Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը և դպրոցների ցուցաբերած հետաքրքրությունը, առաջարկվող թեմաները վերանայվել են, իսկ ցանկը՝ ընդլայնվել:
ՀՑԹԻ-ն ընդունում է Հայոց ցեղասպանության դերը միջազգային իրավունքի զարգացման մեջ և դրա համաշխարհային նշանակությունը՝ որպես ժամանակակից մեթոդներով և գաղափարախոսությամբ իրագործված առաջին ցեղասպանություն, որի անպատժելիությունը հանգեցրել է նմանատիպ հանցագործությունների իրագործմանը: Ըստ այդմ՝ թեմաներն ընտրվել են ներկայացնելու Հայոց ցեղասպանության պատմությունը հնարավոր բոլոր դիտանկյուններից: Հատուկ կարևորություն է տրվում անհատական և խմբային դիմադրություններին, վերապրածների անհատական պատմություններին և հայպահպանության դրսևորումներին: Ցանկում ներառվել են նաև թեմաներ Արցախի և Ադրբեջանի հայության նկատմամբ 20-21-րդ դարում իրականացված բռնաճնշումների վերաբերյալ:
Խորհուրդ է տրվում այցելություն ամրագրել դպրոցական համապատասխան թեման ամփոփելուց հետո:
Ամրագրելու համար զանգահարել նախապես, գրելով
stepanian.inesa@genocide-museum.am հասցեին, պարտադիր նշելով դպրոցի անունը, դասարանը, ուսուցչի կամ կոնտակտային անձի տվյալներ և նախընտրած թեման, կամ զանգահարել՝ (098) 69 00 11 հեռախոսահամարով:
Կրթական ծրագրերի պատասխանատու՝ Ինեսա Ստեփանյան:
Հայոց ցեղասպանության դասավանդման թեմատիկա