12.05.2021
«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտ» հիմնադրամին ուսուցիչ և դաստիարակ, տնօրեն և վաստակաշատ գրող, պատմաբան Գևորգ Մեսրոպի բարեկամուհի Մարի Կոտիկյանը նվիրատվություն կատարեց Գևորգ Մեսրոպի անձնական գրադարանը (1800-ականների վերջ - 1930-ականներ): Հետաքրքիր զուգադիպությամբ այս կարևոր հանգրվանի արարողությունը համընկավ Գևորգ Մեսրոպի ծննդյան 140-ամյակին:
Գևորգ Մեսրոպը (Գևորգ Տեր-Մեսրոպյան) ծնվել է 1881 թ. մայիսի 12-ին, Պարտիզակում: Նախնական կրթությունն ստացել է Պարտիզակում՝ Աբրահամ Վարժապետի մոտ, ապա՝ Ազգային երկսեռ վարժարանում: Սովորել է Երուսաղեմի Ժառանգավորաց վարժարանում, որն ավարտելուց անմիջապես հետո զբաղվել է ուսուցչությամբ: 1904 թ. վերադարձել է Պարտիզակ. Արմաշի Դպրեվանքում Օրմանյան պատրիարքը նրան ձեռնադրել է Սարկավագ:
1908 թվականից Գևորգ Մեսրոպը շարունակում է զբաղվել ուսուցչությամբ: Որպես ուսուցիչ և տնօրեն պաշտոնավարում է Ռոդոստոյում, Ադաբազարում, Կ.Պոլսում՝ դասավանդելով Հայոց լեզու, Հայոց պատմություն, Հայ մատենագիտության պատմություն, աշխարհագրություն: Կեդրոնական վարժարանի բարձրագույն դասարաններում դասավանդում է Հայ քաղաքակրթության պատմություն և Հայ դիվանագիտության պատմություն(1):
Գևորգ Մեսրոպի հոբելյանական հանդիսության առթիվ 1929 թ. մայիսի 26-ին հրատարակված գրքույկում կարդում ենք. «Իբրեւ հայ մտաւորական աչքի զարնող անհատներէն մէկը, 1914-15-ին թուրք կառավարութեան պատրաստած ցանկերուն մէջ եղած է նաեւ Գէորգ Մեսրոպ…. Թէեւ զերծ մնացած է հայ մտաւորականներու զանգուածական ձերբակալումին ենթարկուելէ, բայց իրեն տեղ՝ իբրեւ Գէորգ Մեսրոպ ձերբակալուած է իր աները՝ Փիլիպպոս Գազանճեան…. »(2):
1922 թ. Գևորգ Մեսրոպը շատերի հետ հեռանում է Բուլղարիա և շարունակում «հայ դաստիարակի» իր գործունեությունը: 1923 թ. հիմնում է գիշերօթիկ երկսեռ Մեսրոպյան ճեմարանը: 1926-1927 թթ. խոշոր դժվարությունների է հանդիպում. Բուլղարիայի կառավարությունը պարտադրում է, որ դպրոցն իր սեփական շենքն ունենա՝ սպառնալով փակել այն: Բարեբախտաբար, բարերարների շնորհիվ ճեմարանը կառուցում է իր շենքը(3):
Մեսրոպյան ճեմարանը գործում է մինչև 1937թ.: Գևորգ Մեսրոպը շարունակում է իր գործունեությունը կրթական և հասարակական ասպարեզում՝ աշխատակցելով հայ մամուլին: Գևորգ Մեսրոպը մահացել է 1948 թ. սեպտեմբերի 30-ին(4):
Թեհմինե Մարտոյան
ՀՑԹԻ թանգարանային ցուցադրությունների կազմակերպման բաժնի ավագ գիտաշխատող
Լուսանկարում՝ ձախից երկրորդը` Զարի Թանգարանյանը (Գևորգ Մեսրոպի թոռնուհին):
Գևորգ Մեսրոպի անձնական կնիքը:
_________________________________
1. Երուանդ Հ. Քասունի, Կանխորոշուած Ցեղասպանութիւն, Հետազօտութիւն, Գէորգ Մեսրոպի «Թրքահայերն ու թուրքերը» փաստաթուղթերու տուեալներով (Պէյրութ, Ե.Հ.Ք., 2015), 326:
2. Նույն տեղում, 327:
3. Նույն տեղում, 332:
4. Նույն տեղում, 333: