1880-ական թվականներին քուրդ աշիրեթապետերը, խրախուսված թուրքական կառավարության կողմից, թալանում և ավերում էին հայկական բնակավայրերը: Կողոպտվում էր հատկապես հայերի տնտեսությունը, առևանգվում էին դեռատի հայ աղջիկներն ու հարսները: Ահա այսպիսի առևանգման զոհ է դառնում նաև իր գեղեցկությամբ հայտնի տասնչորսամյա Գյուլիզարը: Վեց ամսական հասակում մնալով որբ` Գյուլիզարը, ում քնքշորեն տանը Գուլո էին կոչում, դառնում է տան զարդը: Բոլոր հավաքույթների ու հարսանեկան հանդիսությունների ժամանակ նա աչքի էր ընկնում իր պարով, երգեցողությամբ և կայտառությամբ: Գյուղում տեղի ունեցած հարսանեկան մի հանդիսության ժամանակ նրան նկատում է Տարոն աշխարհում իր չարագործությամբ հայտնի քուրդ ավազակապետ Մուսա բեկը:
Աշիրեթապետ Մուսա բեկի 150 ավազակները մի գիշեր շրջապատում են Ղարց գյուղում բնակվող Հակոբի տունը և առևանգում Գյուլիզարին:
«Իմ սեւ հարսնիքն էր այդ գիշեր: Քիւրտեր հրացանի որոտումներով զիս կը տանէին իմ անյայտ ճակատագիրը», - տարիներ անց պատմում է Գյուլիզարը:
Մուսա բեկը Գյուլիզարին ամուսնացնում է իր կրտսեր եղբոր` Ջեզահիրի հետ: Նրան անվանափոխում են և կոչում Ֆաթմա, արգելում հայերեն աղոթել և սովորեցնում են նամազ անել: Սակայն Գյուլիզարը, հավատարիմ մնալով իր ազգային ինքնությանը, գաղտնի շարունակում է գիշերներն աղոթել և խաչակնքել, ինչի համար հաճախ ենթարկվում է հալածանքի:
Գյուլիզարի առևանգումն արձագանք է գտնում ոչ միայն Բիթլիսում, այլև լուրը հասնում է մինչև Կ. Պոլիս: Այս առթիվ Մուշի առաջնորդարանը տեղեկագիր է ուղարկում Կ. Պոլիս և պահանջում վերադարձնել աղջկան: Բիթլիսի դատարանում գաղտնի դատ է հրավիրվում, որտեղ ներկա էին միայն քրդեր և թուրքեր: Գյուլիզարը, քաջություն դրսևորելով, խոստովանում է, որ հայ է և իրեն քրդերը բռնությամբ են տարել: Վալիի որոշմամբ նրան վերադարձնում են հայկական համայնք ու իր ընտանիք: Հերոսաբար իր պատիվն ու ազգային ինքնությունը պաշտպանած Գյուլիզարին դիմավորելու են գնում Բիթլիսի Հայոց առաջնորդը` քաղաքի հայ անվանի մարդկանց հետ միասին: Գյուլիզարը դատարանից դուրս է գալիս թուրք զինվորական Թապուր Աղասու ուղեկցությամբ` հագնելով նրա բաճկոնը և գլխին ֆես դրած:
Գյուլիզարը վերադառնում է իր ազգային ինքնությանը և հայկական համայնք, կրկին մկրտվում` իր հերոսական վարքի համար ստանալով Հռիփսիմե կույսի անունը:
Սակայն դատավարությունը վերսկսվում է: Պատրիարքարանից եկած հրահանգի համաձայն` խիստ հսկողության ներքո Գյուլիզարը պետք է տեղափոխվեր Կ. Պոլիս, որտեղ տեղի էր ունենալու նոր դատավարությունը Մուսա բեկի դեմ: Դեպի Կ. Պոլիս ճանապարհվելիս Էրզրումում իջևանում են Հայոց առաջնորդարանում, ուր նրան այցելության է գալիս Անգլիայի հյուպատոսը և գրի առնում առևանգման մանրամասնությունները:
Հավանաբար օգոստոսի վերջին և սեպտեմբերի սկզբին սկսվում է Կ. Պոլսի դատավարությունը, որին ներկա են եղել նաև եվրոպական պետությունների բազմաթիվ ներկայացուցիչներ: 1889 թվականի նոյեմբերի 28-ին դատական նիստի ընդհանուր դատախազը պահանջում է Մուսա բեկին արդարացնել և ազատ արձակել: Դեկտեմբերի 5-ին գլխավոր դատավորը կարդում է դատական վճիռը, որի համաձայն Մուսա բեկը ազատ է արձակվում:
Հայկական կողմը` ի դեմս փաստաբան Պ. Թընկըր Սիմոնի, բողոքում է և պահանջում դատի վերաքննություն: Ի վերջո գոհացնելու համար եվրոպական պետություններին դատավորը որոշում է կայացնում Մուսա բեկին աքսորել Մեքքա:
Գյուլիզարի առևանգումն և դրա հետ կապված դատավաությունն այնքան մեծ աղմուկ էր բարձրացրել, որ հայկական տարազով նրա և մոր լուսանկարները Կ. Պոլսում վաճառվում էին մեկ արծաթով, որի հասույթը տրամադրվում էր Մուսա բեկի դեմ բողոք ներկայացրած 66 մշեցիներին:
Դատավարության ավարտից հետո Գյուլիզարն ամուսնանում է Մշո Սուրբ Կարապետ վանքի քահանա` Տ. Կարապետի որդի Գեղամի հետ: Նրանք ունենում են մեկ դուստր` Հայկանուշ անունով: Քրդերի սպառնալիքներից խուսափելու համար տեղափոխվում են Տիգրանակերտ: 1895 թվականի Տիգրանակերտի կոտորածների ժամանակ ողջ են մնացել, սակայն այդ օրերին վաղաժամ ծնվել է նրանց որդին` Լևոնը, որը մահանում է ծնվլուց ինն օր հետո: Տիգրանակերտից տեղափոխվում են Այնթապ, հետո` Ուրֆա: Չորս տարի անց վերադարձել են Մուշ, որտեղ ունեցել են ևս երկու երեխա` Արամին և Արմենուհուն:
1908 թվականի ամուսինն ընտրվում է Օսմանյան խորհրդարանի երեսփոխան և մեկնում Կ.Պոլիս: Գեղամ Տեր-Կարապետյանն իր հիվանդության պատճառով խուսափում է հայ մտավորականներին ու քաղաքական գործիչներին ձերբակալելու և աքսորելու հրամանից: Գյուլիզարը երկարատև ճամփորդությունից հետո, ի վերջո հաստատվում է Մուշում:
Նյութը պատրաստեց ՀՑԹԻ գիտաշխատող Հասմիկ Գրիգորյանը
Գյուլիզարը դստեր` Արմենուհու հետ, Երուսաղեմ, 1909թ.
Մուսա բեկ
Անգլիացի քաղաքական գործիչ Գլատսոնի նամակից` «Թուրքական բռնությունները Հայաստանում», տպագրված «Daily News» թերթում, 1889թ.
Գյուլիզարը իր խորթ մոր` Նարդունի, հորեղբոր` Տեր-Հարությունյանի և հոր հորեղբորորդու հետ, Կ.Պոլիս, 1889թ.
Ընտանեկան լուսանկեր, 1905թ.